Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 12 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՎԵՐՋԱՊԵՍ ՈՐՆ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԵՐԸ

Ամենայն հայոց կաթողիկոսը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր եկեղեցու գմբեթի խաչ է օծելու: Այցից մի քանի օր առաջ Թբիլիսիում փլվեց հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին: Թվում է, որ տրամաբանական կլիներ, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնար ոչ թե Մոսկվա, այլ հենց Թբիլիսի, քանի դեռ այնտեղ կան կանգուն եւս մի քանի հայկական եկեղեցիներ: Մոսկվայի եկեղեցու գմբեթի խաչը թերեւս առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի էլ կարող էր օծվել: Բայց Մոսկվա այցելելը հաճելի է: Այնտեղ մեծաթիվ, եւ թերեւս ինչն առավել կարեւոր եւ էական է՝ մեծահարուստ հայ համայնք կա, այնտեղ եկեղեցիները չեն քանդվում, այլ շինվում են, ու պետք է ընդամենը օծել եւ օգտվել հյուրասիրությունից եւ պատվից, որ մեծահարուստ հայ համայնքը անկասկած կցուցաբերի Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ: Իսկ Թբիլիսիում խնդիրներ կան, որոնք ունեն լուծման կարիք: Այսինքն այնտեղ այցելելը աշխատանք է պահանջում, պահանջում է ջանք՝ ի պաշտպանություն հայկական եկեղեցիների:
 
Թերեւս այդ ջանքի, ոչ թե Վրաստանի իշխանության հգոտարության բացակայության պատճառով փլվեց Սուրբ Գեւորգ եկեղեցին: Վրաստանի իշխանությունը հոգատար չէ, ու չի էլ լինի: Եթե մենք հայտարարում ենք, որ այդ եկեղեցիները մերն են, ապա էլ ինչու ենք դժգոհում մեր ապրանքի հանդեպ օտարի անտարբերությունից: Չէ որ դա մեր ապրանքն է, մենք պետք է հոգատար եւ ուշադիր լինենք դրա հանդեպ եւ պետք է ջանք գործադրենք այն պաշտպանելու համար: Ինչ ջանք է գործադրել Հայ Առաքելական եկեղեցին եւ նրա առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նման դեպքերում սովորաբար ասում են, թե իրականում եկեղեցին ու Կաթողիկոսը աշխատում են, աշխատում են լուռ եւ համառ, բայց մենք չիմանալով այդ մասին, անտեղի եւ անհիմն քննադատում ենք նրանց: Մի կողմից զարմանալի է, որ այդ աշխատանքի մասին տեղեկատվությունը սովորաբար պահվում է չգիտես ինչու գաղտնի, իսկ ահա եկեղեցի օծելու այցերի եւ արարողությունների մասին տեղեկատվության օպերատիվությունը կարող է մրցակցել անգամ համաշխարհային հայտնի տեղեկատվական գործակալությունների օպերատիվության հետ: Ինչու եկեղեցին չի ցանկանում, որ իր եւ Կաթողիկոսի ջանքերը, որոնք ուղղված են օրինակ Վրաստանի հայկական եկեղեցիների պաշտպանությանը, դառնան հայտնի:
 
Սովորաբար այդպիսի դեպքերում ասում են, թե հայտնի լինելու պարագայում դրանց արդյունավետությունը կնվազի: Կարծես եկեղեցին Ղարաբաղի խնդիր է լուծում ու դրա համար պետք է բանակցային գաղտնիություն պահել: Երեւի ավելի արդյունավետ է, երբ բանակցությունը ընթանում է գաղտնի, իսկ եկեղեցիները բացահայտ փլվում են: Հետեւաբար, կամ իրականում ոչ մի բանակցություն էլ չկա եւ գաղտնիությունը, կամ փակ լինելն ընդամենը ոչինչ չլինելը սքողելու համար է, կամ եթե այդ փակ եւ ոչ հրապարակային ջանքը գործադրվում է, այն ոչ մի բանի պետք չէ, քանի որ հայկական եկեղեցիները միեւնույն է փլվում են: Իսկ գուցե դրանց կանգուն մնալուն ավելի նպաստեր այն, որ փակ կամ ոչ հրապարակային “ջանքերի” փոխարեն Ամենայն Հայոց Կաթողիկոսը վեր կենար ու մի օր բացահայտ գնար Թբիլիսի, իր հոտի վիրահայ անդամներին այցելության եւ այնտեղ փորձեր հրապարակավ հանդես գալ հայկական հուշարձանների պաշտպանությամբ:
 
Ընդհանրապես, առկա իրադրությունը կարծես թե բավական սրությամբ հիշեցնում է մի հարց՝ ընդհանրապես որն է Ամենայն հայոց Հովվապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նշանակությունը, դերը, գործառույթն ազգային կյանքում: Նա ընդամենը խորհրդանշական մի անձ է, որին միայն պետք է հարգել ու պատվե՞լ, եւ որից ոչինչ չի կարելի պահանջել, հոգեւոր խոսքից եւ օրհնանքից բացի, թե՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարդ է, որը հոգեւոր նշանակությունից ու դերից բացի պետք է աշխուժորեն մասնակցի ազգային կյանքին վերաբերող խնդիրների եւ երեւույթների քննարկմանը: Եթե Կաթողիկոսը միայն խորհրդանիշ է, Սրբության Սրբոց, ապա գուցե նա ընդհանրապես պետք է Էջմիածնի իր նստավայրից դուրս չգա՝ թե եկեղեցիներ օծելու, թե եկեղեցիներ փրկելու գործից մնալով անմասն եւ մտածելով միայն հոգիներ փրկելու մասին: Իսկ եթե Կաթողիկոսը մարդ է, որն ընտրվում է մարդկանց ընտրությամբ, ով մարդկանց ծառայելու առաքելություն ունի, ով շնորհավորանքներ է ստանում մարդկանցից, պետք է պատրաստ լինի նաեւ մարդկանց հետ եւ մարդկանց համար քննարկել համազգային խնդիրներ եւ որոնել դրանց լուծումները:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


Ընթերցողների արձագանքները
Հարգելի Հովակիմ վարդապետ, հարցնում եք, թե "ինչու եք թագցրել իրական դեմքներդ": Ինչ կարեւոր է, դիպուկահարն է, Մալխասը, Կարոն, թե Ռուդոլֆը: Ասում ենք այն, ինչ մտածում ենք: Ո՞վ է մեզ (կամ ձեզ) եթերներում խոսք տալիս: Ո՞վ է մեղավոր, որ եթերնեում թոք-շոուներ չկա, որտեղ վիճեք-խոսեք ձեր հակախոսների հետ: Այնպես որ, տեղին չէ ձեր մեղադրանքները իմ եւ այստեղ գրոների հասցեին: Ի՞նչ է, սխա՞լ ենք անում, որ ասում ենք:
Վարպետ-փայտագործ Re:Հովակիմ վարդապետ
Հովակիմ վարդապետը Հակոբ Բադալյանին կարծես ռազբորկի կանչելուց լինի :) "եկեք Էջմիածին կխոսենք": Պատկերացնում եք վաղը Լրագրում գրեն -- ԾԵԾԿՌՏՈՒՔ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ. ԳԱՎԱԶԱՆԱԹԱԿՎԵԼ Է ԼՐԱԳՐՈՂԸ :)Ամեն ինչ հնարավոր ա... :)))
ԵԶԻԿԵԼ
Եղբայրներ, ինչու եք թագցրել իրական դեմքներդ դիպուկահարների կամ վարպետ -փայտագործների դիմակների տակ: Պարզ գրեք իմանանք ովքեր եք: Սակայն մի բան պարզ է, այս ամենով դուք միայն կատարում եք ձեր օրակարգում դրած խնդիրները: Հայ Եկեղեցին ընդհանրապես ձեր հոգն էլ չէ:
Հովակիմ վարդապետ
Հովակիմ վարդապետ-ին. Հովակիմ վարդապետ, ինչո՞ւ եք ցավով կարդում: Ցավալին Գարեգին Բ-ի պահվածքն է, մարդիկ հիմար չեն: Ինչու եք պաշտպանի, ազգի մասին մտածողի դեր ստանձնում: Իսկ երբ է Հակոբ Բադալյանն ասել, որ մտավորական է (ես միշտ կարդում են նրան, չեմ հանդիպել...): Իսկ ի՞նչ է նշանակում մտավորական: Այդ խոսքն ուղղակի հանել է պետք բառարաններից, այն էլ մեր երկրում: Իրականությունն ավելի ցավալի է, Հովակիմ վարդապետ: Մի համարեք` ամեն ինչ պարզ է...
Վարպետ-փայտագործ
Ժողովուրդ, մի ասեք ամենայն Հայոց եսիմ ինչ, ասեք էջմիածնական միաբաններ եւ նրա առաջնորդ Գարեգին Բ, ամեն ինչ իր տեղը կընկնի: Կան միաբանների կաստա, որոնք ունեն իրենց շահերը: Երբ թագնվում են Ամենայն հայոց տերմինների տակ, մեզ էլ են խառնում իրենց շահերին, երբ ասում են էջմիածնական միաբաններ, երեւույթը ավելի հստակ է դառնում: Տերմիններից են կախված ընկալումները:
Դիպուկահար
Տեսել եք Ամենայն հայոց Կաթողիկոսի ծառայողական մեքենաների պարկը: Տեսել եք, թե ինչ շքեղ մեքենաներ են նրան սպասարկում: Ինչ Վրաստան, ինչ հայկական եկեղեցիներ, ինչ Հակոբ Բադալյան, ինչ Հովակիմ վարդապետ: Ինչ եք կորցրել, ինչ եք ման գալիս: Կյանքը վայելեք, կյանքը:
Արտաշես
Էս ինչ պաշտպաններ ունի մեր կաթողիկոսը: Այ եթե էդ պաշտպանները տենց հավեսով պաշտպանեին նաեւ Վրաստանի հայկական եկեղեցիները, ապա հաստատ էդ եկեղեցիները ոչ թե կփլվեին, այլ հիմա շեն ու կանգուն կարգին կառույցներ կլինեին: Հարգելիներս, կաթողիկոսը ձեր պաշտպանության կարիքը չունի, իսկ այ Վրաստանի եւ նույնիսկ հայաստանի հայ եկեղեցիներն ունեն պաշտպանության կարիք:
Pah pah pah
Ես անկեղծորեն զարմանում եմ հոդվածագրի գրած հոդվածների վրա, որովհետև վստահ եմ, որ շատ լավ հասկանում է խնդրի էությունը և գերազանց գիտե նաև կաթողիկոսի և մասնավորապես Մայր Աթոռի կատարած քայլերի մասին, բայց մեր լրագրության ասպարեզում էս էժանագին և կեղծ հայրենասիրությունն անհասկանալի է: Մեկը հարցնող լինի. Հակոբ Բադալյան, դու, իբրև Հայ Եկեղեցու անդամ, ինչ ես արել: Լավ ինչքան կարելի է էս մակարդակի վրա լինել:
Վարդան
Պարոն Բադակյան ու նրա հետևորդներ,Ցավով եմ ընթերցում ձեր գրածները: Կներեք, բայց ձեր ինչ խելքի բանն է, որ նստել ու վերլուծում եք Ամենայն Հայոց կաթողիկոսի գործերը կամ Հայ վրացական հարաբերությունները: Ամոթ է, որ նման հայացքների տեր մարդիկ իրենց մտավորական են կոչում: Պատեհ առիթը բաց չեք թողնում, որ ձեր շախփախությունները մարդկանց վզին փաթաթեք: Դուք հայ ազգի խնդիրների մասին ամենևին էլ չեք մտածում, դու ձեր օրակարգի այլ խնդիրներն եք իրականացնում` հատուկ ծրագրով: Եթե խելքներդ էդքան հասնում է ու նախանձախնդիր եք հայ ազգի հոգսերով, եկեք Էջմիածին կխոսենք, ինձ գնտելը հեշտ է: Սակայն ձեր երևակայությանը զոռ տալով մարդկանց մի վիրավորեք: Սթին ու կեղծիքին էլ չափ կա:
Հովակիմ վարդապետ
եղածը մի մեծ բան չէ, քանդվածը միայն արտաքին պատ է: ահավորն այն է որ քանդված է մեր ներքին եկեղեցին: էլի փառք մեր աթոռիկոսին:
ավո
Պարոն Բադալյան, դու էլ պիտի ասես թե գործ ես արել: Մարդկանց անտեղի վիրավորելու համար մրցում եք միմյանց հետ: Արդեն բավական է, վերջ տվեք ձեր խեղկատակություններին, ամեն ինչին չափ ու սահման ունի: Գոնե Վրացիներից մի բան սովորեք ու ձեր առաջնորդի հանդեպ հարգալից վերաբերմունք ունեցեք:
Վարդգես Մանուկյան
Եկեղեցին, կաթողիկոսը պետք է առաջին հերթին ծառայեն Արարչին: Եթե մեր և վրացի եկեղեցականները լինեին իսկական հավատացյալներ, ոչ մի եկեղեցի էլ չէր փլվի: Հավատը միայն կարող է պահապանել եկեղեցիների փլուզումը
Արամ Խերանյան
Es karcum em, vor Vrastani despanatan mot cuyc anelu poxaren handipen hayastani ev vrastani hogevor arajnordnere ev knnarken ayd teman.Vrastane Hayastani miak qristonya harevann e, tox Rusastani xaxere chxaxan lav chi!!
Hovo
Միամիտ-ին. Միամիտ, երբ է կաթողիկոսը մամուլի ասուլիս հրավիրել լրագրողների համար Վրաստանում հայակական եկեղեցիների խնդրով: Միամիտ, իսկ գուցե կաթողիկոսն իր հոտին ասեր, որ գիտեք, վիճակն այսպես է` հրավեր է պետք, սակայն չկա... Եվ վերջում, ուզում եմ ասել, որ Հ1, Հ2 եւ այլնի եթերում կաթողիկոսին գովաբանելն էլ այնքան դ-ժ-վ-ա-ր չէ...
ՄԱԼԽԱՍ
Վրաստանում հայկական եկեղեցինների շուրջ աղմուկը քանի տարի է արդեն շարունակվում է: Մի անգամ կաթողիկոսի արձագանքը չլսեցինք: Էն օրն էլ Սերժը մեդալ է տալիս նրան "եկեղեցաշինության մեջ մեծ ավանդի համար", որից կաթողիկոսն այնքան հուզվեց:
Գոքոր
Ըստ էության կաթողիկոսը մի կերպար է, ով օրհնում, խաչակնքում եւ շքեղ մեքենաներով այցեր է կատարում պետության պաշտոնյաների (նախագահի հիմնականում) հետ: Սա այն է, ինչ տեսնում ենք էկրանին:
Armen (Karabakh)
Թերեւս ժամանակն է, որ կաթողիկոսն էլ ՀՀԿ ընդունվի-պրծնի:
 
Հարգելի Միամիտ, իսկ էդ ով է կաթողիկոսին էդքան շուտ-շուտ Մոսկվաներ հրավիրում, կամ աշխարհի տարբեր երկրներ հրավիրում, որ Վրաստան հրավիրելու համար էլ Վրաստանից հրավեր է պետք ստանալ: Չեն կարող մոսկվայանման մի հրավերի էլ Վրաստանի համար ապահովեն, որ մեր Կաթողիկոսը գնա եւ պաշտպանի այնտեղի մեր եկեղեցիները: Երեւի ինձ էլ աբիժնիկների շարքին կդասեք, բայց դե խնդիրը էտ չի: Ում շարքը ուզում եք դասեք, ձեր խնդիրն էտ ա, իսկ իմ ու իմ նման աբիժնիկների խնդիրն էլ իրավիճակը հասկանալն ու մեր եկեղեցիները պահելն է: Լավ ա, շատ լավ ա զբաղվել գարեգին երկրորդը 1996 թվականից, որ էսքան ժամանակ 5 հատ եկեղեցի չի փլվել, մի հատ է փլվել:
Միամիտ աբիժնիկ
Պրն Բադալյան, իսկ դուք նախքան Կաթողիկոսին մեղադրելը, արդյոք, փորձել եք պարզել, նա ջանքեր գործադրե՞լ է Վրաց պատրիարքի հետ հանդիպելու եւ հարցը քննարկելու ուղղությամբ: Գուցե պարզվի, որ հայկական կողմը հանդիպելու առաջարկ արել է, բայց մերժո՞ւմ է ստացել, գուցե պարզվի՝ բանակցություններ եղել են, բայց անարդյո՞ւնք են անցել:Վրաստան Կաթողիկոսի գնալու համար առնվազն Վրաստանից հրավեր է պետք ստանալ, որը չկա... Արդյոք գիտեք, որ Գարեգին 2-ը զբաղվում է Վրաստանում հայկական եկեղեցիների վերադարձման խնդրով դեռեւս 1996 թվականից, երբ նա ղեկավարում էր հայկական պատվիրակությունը, որը մեկնել էր Թբիլիսի Թարիել կոչեցյալի Նորաշենի պղծման առաջին փորձի տաք հետքերով:Եթե ձեր նպատակը իսկապես ճշմարտությունը պարզելն է, այլ ոչ թե ձեր քննադատական խոսքին կարոտ այսքան շնոհակալ"աբիժնիկ" ընթերցողների բանակից էժան միավորներ հավաքելը, ապա լավ կլիներ սկզբում փորձեիք ճշտել մանրամասները, հետո նոր միայն այս հարցով ելույթ ունենայիք: Թղթի , առավել եւս՝ համակարգչի վիրտուալ թղթի վրա գրել-քննադատելը շա-ա-ատ հեշտ է, իսկ ռեալ գործ անելը՝ դժվար:
Միամիտ
>>>Կարծես եկեղեցին Ղարաբաղի խնդիր է լուծում ու դրա համար պետք է բանակցային գաղտնիություն պահել:...լավ է Ղարաբաղն էլ կա: Մեկը հարցնի Ղարաբաղը ի՞նչ կապ ունի, ի՞նչ գաղտնիության մասին է խոսքը էս բաց աշխարհում:
ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆ
Չեմ կարողանում անտարբեր անցնել այս թեմայի կողքով: Ամեն անգամ, երբ կարդում եմ հայոց այս կաթողիկոսի մասին, մտքերի մեջ եմ ընկնում. այն ամենի մեջ, ինչ կատարվում է այսօր, մեղքի առյուծի բաժինը կրում է հայկական եկեղեցին` հովվապետի գլխավորությամբ: Մեր օրերում, երբ տասնամյակների ընդմիջումից հետո ժողովրդի մի հսկայական զանգվածի մոտ վերականգնվել է հավատքը առ աստված, երբ այսօր առավել, քան երբևէ աներկբա է եկեղեցու դերը ազգի միաբանության և համախմբման գործում, երբ տարատեսակ աղանդները, միջոցների միջև խտրականություն չդնելով, հոգեորսության իրենց սև գործն են առաջ տանում, մեր հարգարժան կաթողիկոսը, հար և նման մեր հարազատ իշխանությունների պահվածքին և գործելաոճին, զբաղված է միայն իր անձնական բարօրության ամրապնդմամբ, և որը, բնականաբար, պահանջում է սերտ համագործակցություն իշխանությունների հետ:Վեհափառ տեր. Ձեր կերպարը չի համապատասխանում հավատքավոր(և ոչ միայն) ժողովրդի համար ընդունելի կաթողիկոսի կերպարին: Աստված Ձեզ հետ...
ՀՀ քաղաքացի
Katoxikosi demqnela bacahaytvac, ev es amachumem vor nman hogevor arajnord uni hay azg@...amote amot hay joxovurd, es ures haseeel......
hjku
>>>Ինչու եկեղեցին չի ցանկանում, որ իր եւ Կաթողիկոսի ջանքերը, որոնք ուղղված են օրինակ Վրաստանի հայկական եկեղեցիների պաշտպանությանը, դառնան հայտնի:>>> Ay zeq ban~... uremn gaxtni e ha? Ays e, vor lsum em :)))
GOR
Որ վերցնում ես, ի՞նչ է սովորեցրել Քրիստոսը: Բոլորն էլ գիտեն եւ չարժե բացել փակագծերը: Իսկ ինչ անում մեր կաթողիկոսը, ով խաչը ճակատին է կրում: Արդյոք վայել է մեդալ ստանալն այդքան մեծարել հեռուստատեսությամբ, թե Մարտի 1-ին էր վայել նրա լռությունը (չնայած ես լեւոնական չեմ, բայց շատ դուրս եկավ, Տեր-Պետրոսյանը նրան չընդունեց այն ժամանակ), թե մարտի 1-ից հետո: Հասարակ օրինակ. երբ մեկը խփում է մյուսի նոր մերսեդեսին, ինչպիսին է լինում նրա տիրոջ զգացմունքները իր ապրանքի համար: Հիմա ամբողջ հայերը թող տեսնեն կաթողիկոսի վերաբերմունքը փլված եկեղեցու հանդեպ: Մի՞թե մի մերսեդս էլ չարժե:
ARMEN
Հենց առաջին պարբերությունից նկարագրված է կաթողիկոսի դերը... Իհարկե, ՈՉ տրամաբանական է Մոսկվա գնալը: Այդ մարդուն ես չեմ ընդունում որպես հոգեւոր հովիվ: Նրա մեջ ես քրիստոնեական ոչինչ չեմ տեսնում, ինչպես եւ ռուս պատրիարքի...
ՎԱՐԴԱՆ


*  
*
* - Դաշտերի լրացումը պարտադիր է
 
  

 

 

Հակոբ Բադալյանի հոդվածները


Բաժնի նյութերը