Lragir.am - Armenian Online

 Կիրակի, 14 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒՉԻԿ

Օրերս Հայաստանի կառավարությունը մի որոշում կայացրեց, որի համաձայն, 3 միլիարդ դրամ է հատկացվում երիտասարդ ընտանիքներին բնակարանի վարկ տրամադրելու ծրագիր իրականացնելու համար: Այդ ծրագրին կարող են մասնակցել այն ընտանիքները, որոնց համախառն տարիքը չի գերազանցում 60 տարին: Լրագրողներին հայտնելով ծրագրի մանրամասները,ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը տեղեկացնում էր, որ ընտանիքը կարող է ստանալ մինչեւ 16 միլիոն դրամ վարկ: Բայց վարկը կազմում է 11 միլիոն դրամ, իսկ 5 միլիոնը պետք է ընտանիքը վճարի, որպես կանխավճար: Ընդ որում, վարկը տրամադրելու են այն ընտանիքներին, որոնք ունեն ամսական համախառն մոտ 350 հազար դրամ եկամուտ: Հայտարարվեց, որ այդ ծրագիրը Սերժ Սարգսյանի նախընտրական խոստում է: Այսինքն, կառավարությունն ուզում էր ասել, որ տեսեք, թե ինչպես պարտաճանաչ կատարվում է նախագահի խոստումը:
 
Իրականում այդ խոստումը ոչ այնքան կատարվում է, որքան տպավորություն է ստեղծվում, որ կատարվում է: Բանն այն է, որ այդ որոշումը թերեւս ավելի շատ փուչիկ է, քան երիտասարդ ընտանիքների բնակարան գնելու ռեալ հնարավորություն: Բանն այն է, որ տրամադրվող վարկի ծավալը, տոկոսները, ինչպես նաեւ կանխավճարի չափն ու մարման ժամկետը, մեծ հաշվով, շատ քիչ են տարբերվում առեւտրային բանկերի տրամադրած վարկերից: Եթե առեւտրային բանկերում հիպոթեկային վարկը տրամադրում են 14-17 տոկոսով, ապա կառավարության ծրագրով տրամադրած վարկի տոկոսը 10 է: Դա առեւտրային բանկերի կեսն էլ չէ: Մինչդեռ նույնիսկ կեսի պարագայում կարելի էր ասել, որ տոկոսը կրկին բարձր է, որովհետեւ կառավարությունը, ենթադրաբար, պետք է ոչ թե փող աշխատի երիտասարդ ընտանիքների վրա եւ դառնա առեւտրային բանկերի մրցակից, այլ պետք է օգնի երիտասարդ ընտանիքներին: Իսկ դա նշանակում է, որ կառավարությունը վարկ պետք է տա իր ճարած փողի գրեթե ինքնարժեքի գնով, կամ մի երկու տոկոս ավելի: Այլապես ստացվում է բիզնես, ոչ թե նախագահի խոստման կատարում:
 
Բայց, խնդիրը միայն տոկոսը չէ, այլ նաեւ վարկի տրամադրման ժամկետը: 10 տարին ժամկետ է, որը նաեւ առեւտրային բանկերից որոշներն են տրամադրում: Իսկ ընդհանրապես, այդ ժամկետը 3 տարով է տարբերվում բանկերում ընդունված “ստանդարտ” ժամկետից: Հիպոթեկային վարկավորման համաշխարհային “ստանդարտը” 30 տարին է: Հայաստանի կառավարությունը երեւի թե պետք է առնվազն դրա կեսը սահմաներ, այսինքն գոնե 15 տարի ժամկետ սահմաներ: Այ դա կարելի էր համարել իրապես զգալի օգնություն երիտասարդներին:
 
Բայց, դա էլ ամենը չէ: Կա դեռ կանխավճարի հարցը: Այն կազմում է մոտ 30 տոկոս: Այսինքն, օրինակ 10 միլիոն վարկ վերցնելու դեպքում, իսկ դա երեւի թե այն նվազագույնն է, որը պետք է բնակարան գնելու համար, երիտասարդ ընտանիքը պետք է վճարի 3 միլիոն դրամ կանխավճար: Դա գրեթե այն ծավալն է, որը անհրաժեշտ է առեւտրային բանկերից վարկ վերցնելու դեպքում: Որտեղից երիտասարդ ընտանիքին այդքան կանխավճար: Կամ արդյոք Հայաստանում շատ են այդպիսի երիտասարդ ընտանիքները, որոնք կարող են վճարել այդքան կանխավճար: Թե կառավարությունը մտածում է, որ երիտասարդ ընտանիքներին ոչ միայն ինքը, այլ նաեւ մաման-պապան պետք է մի քիչ էլ օգնեն: Բա էլ ուր մնաց մտածողություն փոխելու ջանքը:
 
Եվ եթե դրան էլ գումարում ենք այն, որ երիտասարդ ընտանիքը դեռ պետք է բնակարանը կահավորի, կենցաղային այլ հարցերը հոգա, ապա պարզ է դառնում, որ կառավարության ծրագրի պայմանները շատ քիչ են տարբերվում առեւտրային բանկերի պայմաններից, եւ ավելի շատ ոչ թե իրական հնարավորություն են, այլ քարոզչական ակցիա, որի մեջ կարեւորը թերեւս այն չէ, թե քանի երիտասարդ ընտանիք կօգտվի դրանից, այլ այն, թե քանի ընտանիք ընդհանրապես կլսի այդ ծրագրի մասին:
 
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ


Ընթերցողների արձագանքները
Karcum em, es 3 miliardn el vorpes erkarajamket vark kancni oligarxneri ev chinovnikneri erexeqin, vorovhetev miajn nranq karox en amisy 130 hazar gumar tal bankin, u heto utelu ban unenan. Biznes-varki dzeva eli
ha eli
Իմ հասկանալով եթե 10մլն վարկ է տրվում ապա դրանից մոտ 3մլն պետք է վերջին հաշվովվերադարձվի որպես կանխավճար հետևապես տուն գնելու համար մնում է 7մլն, որով մեկ սենյականոց նույնիսկ քանդված տուն չես գնի Երևանում Երիտասարդ զույգեր
 
Ըստ իս ամբողջ պրոբլեմը կայանում է նրանում, որ անկեղծորեն չի դրվում երիտասարդ ընտանիքին տուն տալու հարցը, այլ "հաշվարկներ" են կատարվում եւ շահեր են փնտրվում մեջտեղ: Ես տնտեսագետ չեմ, սակայն չեմ հավատում, որ չկա ավելի լավ տարբերակ այս, իրոք դժվար խդրի լուծման համար: Երիտասարդների բնակարանի հարցը զուտ բնակարանի հարց չէ, դե ինքներդ էլ գիտեք...Վերջերս ինտերնետում ուսումնասիրել եմ մեր հարեւան երկրների վարկային սիստեմը (բնակարան ստանալու համար)... ի՞նչի մասին է խոսքը, ինչու համեմատել Հայաստանի հետ? Իհարկե, էժան... շատ էժան...
Վարազդատ
Քչերն են, որ 350 հազար դրամ համախառն եկամուտ ունեն: Մարդիկ 50, 60, ծայրահեղ դեպքում 100 հազար փող են ստանում...Իսկ ո՞ւմ չի հայտնի, թե որքան ծախս է պահանջվում երիտասարդ ընտանիքի համար, իհարկե, բացի բնակարանային խնդրից: Սա ուղղակի ծաղր է մարդկանց համար:
Ընթերցող
Օգտակարը հաճելիի հետ է` կեցցե կատուն, որ իր փորի համար մուկ է բռնում: Կառավարությունը բանուգործը թողած բիզնեսով է զբաղվում, ձեռի հետ խփելով բանկերի գործին, ու դրա հետ միասին քարոզչական "շուխուր" բարձրացնելով, իսկ մենք տենց էլ չենք հասկանում` քանի երիտասարդ ընտանիք է ընդհանրապես դրանից օգտվելու, ու դա հանրապետությունում երիտասարդ ընտանիքների որ տոկոսն է: Այլապես ես էլ կարող եմ գլոբալ սովի դեմ պայքարի ծրագրի իրականացման հեղինակ կոչել ինձ` վկայակոչելով կերածս խորոված-քյաբաբը:
Գլոբալ սովի դեմ պայքարող Ակտիվիստ


*  
*
* - Դաշտերի լրացումը պարտադիր է
 
  

 

 

Ջեյմս Հակոբյանի հոդվածները
ՔԱՐԻՑ ՀԱՐԿ ՔԱՄՈՂ
11:28:37 - 13/03/2010
ԲԱՆԸ ՓՈՂԸ ՉԷ
11:09:58 - 02/03/2010


Բաժնի նյութերը