Lragir.am - Armenian Online

 Երկուշաբթի, 15 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԵՎԵՌՆԵՐ

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր
 
Ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների հրապարակային նախապատրաստությունն ու փիարը դեռ չեն սկսվել, բայց արդեն երեւակվում են որոշակի միտումներ ու տրամադրություններ, որովհետեւ անդրկուլիսյան նախապատրաստությունը վաղուց է սկսվել, ինչը միանգամայն բնական է, քանի որ քաղաքական ուժերը միշտ էլ պիտի պատրաստ լինեն ցանկացած ընտրությունների, ավելին՝ կայացած ու զարգացած քաղաքական դաշտ ունեցող երկրներում քաղաքական ուժը հենց ընտրությունների հաջորդ օրվանից է սկսում նախապատրաստվել հաջորդ ընտրություններին: Այնպես որ, ոչ մի արտառոց բան չկա նրանում, որ մեզ մոտ շուրջ մեկ տարի առաջ սկսվեցին անդրկուլիսյան խմորումները: Տարբերությունը պարզապես նրանում է, որ նշածս տիպի երկրներում նման նախապատրաստություններն անդրկուլիսյան չեն լինում, այլ հրապարակային ու բաց: Ինչ որ է, ունենք այն, ինչ ունենք:
 
Իսկ միտումները հետեւյալն են: Իշխանական շրջանակներում բավականին տարածված եւ ընկալունակ է այն գաղափարը, որ հարկ է քաղաքական տարբեր բեւեռներ ստեղծել (դա ուզում են անել ինչպես առկա, այնպես էլ ստեղծվող կուսակցությունների ու մեծամասնական ընտրակարգով ընտրվելիք «անկախ» պատգամավորների միջոցով): Ընդդիմադիր քաղաքական ուժերի բացակայության  պայմաններում սա նշանակում է ոչ թե հանրային-քաղաքական, այլ նեղիշխանական բեւեռների ստեղծում, ինչն արհեստական երեւույթ է (իրականում ոչ թե բեւեռներ են ստեղծվելու, այլ փուչիկներ), քանի որ բեւեռներ չեն ստեղծում, դրանք բնականորեն ստեղծվում են, առաջանում են, ծիլ են տալիս, եթե, կա, իհարկե, բարենպաստ հող:
 
Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարություն խաղալ, ինչն իրականում ավելի վնասակար է, քան ոչ ժողովրդավարական վիճակը: Արհեստականորեն ստեղծվելիք «բեւեռները» չեն կատարելու իրենց բեւեռային առաքելությունը, քանի որ դրանց բոլորի ստեղծման աղբյուրն ու ծագումնաբանությունը նույնն է, իսկ բեւեռների գոյությունն առաջին հերթին հենց տարբեր աղբյուրներ է նշանակում: Արհեստական բեւեռներ կամ ներիշխանական դեմոկրատիա հնարավոր չէ, որովհետեւ դա դեմ է բնության օրենքներին, անբնական, արհեստածին երեւույթ է: Դրանք չեն կարողանալու վերահսկել ու զսպել իրար, քանի որ դրանց սնած աղբյուրն է նրանց վերահսկելու ու զսպելու, այս առաքելությունը միայն դրանց «ծնողներինն» է լինելու: Արհեստական բեւեռները շատ-շատ կարող են համերաշխ «պաչուպռոշտի անել» խորհրդարանի պատերի ներսում ու դրանցից դուրս, կամ էլ, որ շատ ավելի հավանական է, մշտատեւ գզվռտոցների աղբյուր հանդիսանալ (պաշտոնների եւ այլ արտոնությունների համար): Երկու տարբերակներն էլ վնասակար են, քանի որ բեւեռները ծագում ու խորհրդարանում են հայտնվում ոչ թե կենացներ ասելու ու «բրուդերշաֆտ» խմելու, այլ իրար վերահսկելու ու զսպելու համար, իմա՝ քաղաքական հավասարակշռության ապահովման համար: Իսկ արհեստական բեւեռների նույնիսկ հնարավոր անհամերաշխությունը քաղաքական ու գաղափարական բնույթի չի լինելու, այլ նեղ անձնական, խմբակային ու կլանային:
 
Ընդհանրապես, զուտ սկզբունքային առումով անլուրջ է արհեստական բեւեռների ստեղծումը, քանի որ վերջին տարիներին ժողովրդի գլուխը տարել են համընդհանուր միասնության ու համերաշխության մասին հեքիաթներով: Դե, եթե այդպիսի տոտալ համերաշխություն է, ապա համերաշխ երթով էլ պիտի մտնել խորհրդարան: «Կեսօրից հետո» ո՞վ պիտի հավատա անհամերաշխ բեւեռների գոյությանը:
 
Այսօր շատ ավելի օգտակար կլիներ փաստել իրական վիճակը: Այն, որ այդ վիճակը բարվոք չէ (նկատի ունեմ ժողովրդավարական վիճակը), կամա թե ակամա ընդունում են նաեւ արհեստական բեւեռների ստեղծման եւ ներիշխանական դեմոկրատիա խաղալու գաղափարի հեղինակներն ու դրանց ընդունողները, քանի որ ուզում են այդ վիճակն այլ կերպ ներկայացնել, բեւեռային տեսք տալ դրան: Դե, եթե բոլորն էլ համաձայն են (հանրությունը վաղուց է այդ կարծիքին), ապա ինչու՞ թաքցնել, չէ՞ որ այստեղ եւս շատ կարեւոր է ճիշտ ախտորոշում-դիագնոզը` հիվանդությունը (ցանկացած, այդ թվում նաեւ հանրային) բուժելու համար: Պետք չէ ու շատ վտանգավոր է «առողջություն խաղալ» անառողջ օրգանիզմի վրա:
 
Արհեստական բեւեռների ստեղծումն անիմաստ ու վտանգավոր է ոչ միայն երկրի ու հանրության, այլեւ հենց իր՝ ստեղծողի՝ իշխանության ու ղեկավարության համար, քանի որ լուրջ պրոբլեմ է լինելու պատասխանատվության ստանձնման հարցը ցանկացած իրավիճակում, ինչն էլ խախուտ է դարձնելու ղեկավարության հենարանը: Որովհետեւ «բեւեռ-խմբակներից» ոչ մեկը չի ցանկանալու ստանձնել պատասխանատվություն, եւ այն փոխանցելու են միմյանց, առավել եւս, որ միշտ էլ առիթներ լինելու են ղեկավարությունից դժգոհ լինելու եւ մեկը մյուսին նախանձելու համար: Այս պարագայում շատ ավելի խոհեմ կլիներ ունենալ քաղաքական ծանրակշիռ ու միանշանակ հենարան ու դրա հետ միասին ստանձնել պատասխանատվությունը:
 
Իսկ բեւեռներ պետք չէ ստեղծել, դրանք կան, պարզապես դրանց երեւակման համար պետք է բարենպաստ հող ստեղծել արդար ու հավասար մրցակցության համար: Այսպես եւ միայն այսպես կարելի է նպաստել պահանջված ու լուրջ բեւեռների կայացմանը: Եթե չկան այդ պայմանները, ապա անիմաստ է ամեն ինչ, քանի որ, ինչպես ընկերս է ասում, իշխանությունն այնպիսին պիտի լինի, որի հետ վիճելն իմաստ ունենա: Այսօրվա անիմաստության պայմաններում անլուրջ է բեւեռների մասին ցանկացած զրույց:
 
Կուզեի նաեւ անդրադառնալ երկու տարածված թյուրիմացության: Ըստ դրանցից մեկի՝ մեզ մոտ ընդդիմությունը (մեծ հաշվով՝ բեւեռները) պահանջված չէ: Նման բան չի կարող լինել: Ամենապրիմիտիվ օրինակով բացատրեմ՝ ուշադիր հետեւեք ձեր շրջապատին եւ կտեսնեք, թե որքան շատ կարծիքներ կան ձեր ընտանիքում, ընկերական շրջապատում, բակում, ձեր մտերիմների ու, առավել եւս, ոչ մտերիմների մոտ: Ու կհայտնաբերեք մի հսկայական կառուցողական անհամերաշխություն, որի հիման վրա է որոնվում ճշմարտությունը:
 
Երկրորդ թյուրիմացությունը վերաբերում է կուսակցությունների կայացմանը: 2000 թվականի խորհրդարանական ընտրությունների նախօրեին խոսվում էր համամասնական ընտրակարգին (կուսակցական ցուցակներին) անցնելու մասին, եւ այն ժամանակ մեր կուսակցական ղեկավարներից մեկն ասաց, որ իրենք՝ կուսակցությունները, դեռ պատրաստ չեն: Այն ժամանակ, հիշում եմ, տրամաբանական հարց ծագեց՝ կայացման ուրիշ ի՞նչ ճանապարհ կա բացի ընտրություններին մասնակցելուց, այլ կերպ՝ անջուր լողավազանում ո՞վ է լողանալ սովորում: Տասը տարի է անցել այն օրերից, եւ ահա նորերս նույն կուսակցական առաջնորդը, խոսելով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին, նորից է ասում, որ կուսակցությունները դեռ պատրաստ չեն: Իմաստ ունի՞, որ հանրությունը այսքան երկար սպասի, որպեսզի ոմանք կայանան, եւ մեծ շռայլություն չի՞ լինի դա երկրի համար: Եւ որտե՞ղ է երաշխիքը, որ նույն մարդիկ տասը տարի անց նորից չեն ասի, որ դեռ չեն կայացել: Նրանք չեն կայանալու երբեք: Կուսակցությունների կայացման ասպարեզը քաղաքական պայքարն է, որի ամենաէական մասը ընտրություններն են:
 
Ամփոփենք՝ այս պահին շատ ավելի օգտակար է հրաժարվել քաղաքական-մանկական խաղերից (դրանց չի հավատալու ոչ դուրսը, ոչ էլ ներսը) ու փաստել իրական վիճակը, ինչը գոնե շանս կտա մտածել դրա շտկման ուղղությամբ: Իրական ժողովրդավարություն, իրական բեւեռներ կարող են լիարժեք կայանալ, եթե ունենանք զարգացած տնտեսություն, ստեղծվի միջին խավ, ունենանք այլախոհության սոցիալական բազա, կայանան անկախ լրատվամիջոցների ինստիտուտն ու չորրորդ իշխանությունը: Սա տեւական գործընթաց է, բայց մենք արդեն այնքան ենք ուշացել, որ ուղղակի պիտի մղոնանոց քայլեր անենք: Լավատեսության ու խոհեմության հիմք է տալիս այն հանգամանքը, որ նման քայլերը չեն վտանգում իշխանությանը, ավելի ճիշտ՝ ներկայիս իշխանությանը: Այդ «վտանգը» հաջորդ իշխանության պրոբլեմն ու պատիվն է լինելու:
 
Իսկ դրա համար հարկ է հենց այսօր սկսել: Դժվար չէ հասկանալ, թե ինչ է հարկավոր անել: Առաջին հերթին հարկ է չեզոքացնել ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների ամենամեծ խոչընդոտը, ճամփաբաժանին նստած հրեշին, որի անունն է ադմինիստրատիվ ռեսուրս, պետական լծակներ: Այսօրվա իշխանության համար քաղաքական դաշտում բոլորը «մերոնքական ու յուրային են» (կա, իհարկե, մի նրբերանգ՝ ոմանք ավելի «մերոնքական ու յուրային» են, կամ, ինչպես առաջներում էին կատակում, հավասարների մեջ ավելի հավասար են), ուստի կարելի է իսպառ բացառել ադմինիստրատիվ ռեսուրսը եւ «յուրայիններին» թողնել ազատ նավարկության: Մեր բոլոր կառույցներն էլ գոնե մեկ անգամ կճաշակեն արդար ընտրությունների հմայքը ու միգուցե հարմարվեն դրան:
 
Ասում են՝ ազատության մեջ գոնե մեկ օր հայտնված ստրուկն այլեւս անզոր է ստրուկ լինել:
 
Անալիտիկոն ամսագիր
Ստեփանակերտ


Ընթերցողների արձագանքները
Հարգելի Ավանես, հավատացնում եմ` comedy show will go on!
Pablo Diego José Francisco de Paula Juan Nepomuceno María de losso
Այն, որ բոլոր դեպուտատները, բակոյականներ են (թույլ տվեք հորինել այս բառը), բոլորին է հայտնի: Պարզվում է, Բակոին էլ է դուր գալիս, որ իրեն հարմարվող-հավատարիմ, (բառի բացասական իմաստով) մարդիկ լինեն ԱԺ-ում: Ուրիշ բան ակնկալել չես էլ կարող մի մարդուց, ով նախկին ԿԳԲեյշնիկ է: Չէ, սա չի նշանակում, որ վախենում են/ենք նրանից, ուղղակի ձեռք բերած բնավորությունը նա կիրառում է իրենից անկախ, որն էլ իր բասական ազգեցությունն է թողնում ոչ միայն պառլամենտի վրա: Ուր մնաց դեմոկրատական ինստիտուտների գործոնը Ղարաբաղում... Կեցցե Բակոյի պառլամենտը:
Մի ղարաբաղցի
Մեզ մոտ ընդդիմությունը (մեծ հաշվով՝ բեւեռները) պահանջվա՞ծ չէ: ԻՆՉՈՒ՞, որ ճիշտն ասելու է դրա համար? Ինպես կարող է պատահել, որ բոլորը միակարծիք լինեն, հո սրբերի դասը չէ...
Աշոտ (ԼՂՀ)
Մալխաս, դե էտ աստիճան ծիծաղ ըտրությունների արդյունքում ընտրված քաղաքապետն (Վ. Միքայելյանը) էլ տի կնի լի...
KARO (Stepanakert)
Մալխաս, Էդուարդ Աղաբեկյանն իրեն արժանապատիվ չպահեց: Նա տեր չկանգնեց իր ձայներին, ու այդպես գոլորշիացավ ու գնաց: Եթե չեմ սխալվում նորից ուզում է մասկանցել ընտրություններին: Ի՞նչ երեսով: Գիտեմ, փող չեն տվել, որ Ստեփանակերտի շենքերի տանիքները սարքի եւ այլն... բայց դա արդարացում չէ եւ տանիքները չէ վերջին հաշվով, որ կարեւոր են: Ինչ վերաբերում է Վ. Միքայելյանին, բան մի ասեք` նախագահ-փեսայի պես շինարար տղա է... :-)
ՀԱՅԿ
Հարգարժան Ավանես, հին հունարենից քաղաքականություն բառը (Πολιτική) որպես "պետությունը ղեկավարելու արվեստ" է թարգմանվում: Քաղաքական գործիչ են համարվում սոցիալական կյանքում ակտիվ մարդիկ: Հիմա, երբ խոսքը Ռ. Հյուսնունցի մասին գնաց, մեղմ ասած, նրան չի սազում քաղաքական գործիչ լինելը: Սակայն, Աստված նրա հետ, մնացածներն էլ սուրբ չեն... Պարլամենը նրանց համար լոկ գործատեղ է, որտեղ գալիս են ծառալողական մեքենաներով: Ղարաբաղի ժողուրտ տեղակյա՞կ է, թե ինչ է կատարվում եկեղեցանման շենքի պատերից ներս: Կարծում եմ պատասխանը հայտնի է բոլորին... Բայց ինչպես ասվեց, ունենք այն, ինչ ունենք...
ՀԱՅԿ
Ստեփանակերտում 2004 թվականին ընտրվել է ժողովրդի կողմից ընդդիմադիր Էդուարդ Աղաբեկյանը: Դա, անկասկած, վկայում էր իշխանությունների պարտության մասին:Սակայն 3 տարի ծարունակ փոքրոգի Ա. Խուկասյանի վաչակարգը ամեն ինչ անում էր նրա աշխատանքը խափանելու համար: Նրա դեմ արհեստական գործեր հարուցելով:Իսկ նա իսկական մարդ է ու քաղաքական գործիչ:Այսօրվա քաղաքապետ Վ. Միքայելյանը ավարտին է հասցնում Ստեփանակերտում առևտրական կենտրոնի կառուցումը, էդ այն դեպքում, որ Աղաբելյանը մի թիզ հող անգամ չի սեփականացրել:Կեցցե գայլերը
Մալխաս
Հարգարժան Հայկ, Ձեզ է գրում ԼՂՀ-ի բազում արժանավոր քաղաքացիներից մեկը: Ռ. Հյուսնունցը արժանի չէ անգամ քաղաքական գործիչ կոչվելու: Ուղղակի շատ կներեք, չգիտեմ ովքեր են հավաքվել այդ նորմալ երկրում հավատ ներշնչող կառույցում: Կոչ ենք անում Ղարաբաղում շիլա էփողներին այս անգամ համով էփեն, թե չէ comedy show will go on.
Ավանես
"Ես միշտ էլ քննադատել եմ ներկայիս խորհրդարանի գործունեությունը, ինչու չէ՝ նաեւ ընդհանրապես նախկին խորհրդարաններին էլ, որովհետեւ ստացվում է այնպես, որ մենք կրկնօրինակում ենք Հայաստանի ընդունած օրենքները՝ հաշվի չառնելով, որ Հայաստանը ճանաչված պետություն է, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ չճանաչված..." Անալիտիկոն ամսագրի նույն համարում ասում է Արցախի կոմունիստական կուսակցության ղեկավար Հրանտ Մելքումյանը: Այն որ օրենքները կրկնօրինակում են Հայաստանից, դա ճիշտ եք ասում (պատահել է նաեւ լճի, մետրոյի մասին են ԼՂՀ օրենք ընդունել... -- լիճ եւ մետրո չկա Ղարաբաղում ինչպես գիտեք), բայց ինչու եք հիմա սկսում քննադատել, երբ ընտրություններ են մոտենում? Այդ որտե՞ղ, ե՞րբ եք քննադատել, որ տեղյակ չենք հասարակ մահկանացուներս???
Մհեր
Ընդդիմադիր, ընդդիմություն, ընդիմախոս բառերը խիստ վտանգավոր են ընդունվում ՄԻԱՍՆԱԿԱՆ Ղարաբաղում (այլ կերպ ասած` շպյոններ են նրանք): Այդ բառերի տակ թշնամի են հասկանում նույնիսկ պաշտոնյաները: Շրջապատին նայելու օրինակը շատ տեղին է հոդվածի մեջ: Իհարկե, առողջ վեճի արդյունքում է ծնվում ճշմարտությունը:
Մալխաս
Հետաքրքիր մարդիկ են` ձայն են տալիս Ռուդիկ Հյուսնունցին, հետո բողոքում, թե սուպերմարկետ է բացում, ջիպ է քշում... մինչեւ չհարգենք մենք ինքներս մեզ, ռուդիկեղբայրները չեն հարգելու...
Արման Սաղաթելյան
Այսօրվա Ղարաբաղի հասարակությունը, անծանոթ է "ընտրություններ" հասկացությանը: Ցավոք, դեռ հասարակության մեջ գործում է այն, որ "վերեւից ասում են": Խորհրդարանի նիստերը չեն լուսաբանվում ինչպես պետք է, չի հասցվում մարդկանց ականջին այն, ինչն իսկապես պետք է, այն, ինչ մարդկանց է վերաբերում, ինչ կոնկրետ խնդիր է (եթե ես սխալվում են հարգելիներ, ապացուցեք ինձ, բացարձակ բան չեն ասում խուլ կադրերը եթերում...): Միայն ասում են տեղի ունեցավ ԼՂՀ ԱԺ նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Դե կներեք...
Վազգեն
ՀեղինակինԱրդեն քսան տարուց ավել է մեզ քարոզվում է, թե պետք է միավորվել արտաքին վտանգին դիմակայելու համար, պետք է հավաքականության ուժերի մոբիլիզացիա, պետք է լինել միաբան, պատմական դեպքեր են փաստվում այն մասին, թե ինչպես է անմիաբանությունը քանդել հայի տունը և այլն և այլն: Եվ հայրենաշունչ քարոզների ընդմիջումներին քարոզասացը իր հերթական դամբանաբուրգն է կառուցում հայրենակցի ոսկորների վրա: “Պետության շահը վեր է ամեն ինչից…առավել ևս մարդուց”: Սա է իշխանությունը սեփականաշնորհած հայ նորահարուստի աշխարհըմբռնումը: Հենց երեկ այդ մասին ազգային ժողովի ամբիոնից բարձրաձայնեց իշխող կլանի մամլո երիտասարդ խոսնակը: Իր տեղ ու դիրքից գոհ ջահելն է հիմա էլ մեզ պետականամետություն քարոզում` տաք տեղում նստած ջահելը: Այդ նույն պետականամետության սոուսի տակ են իրականացվել բոլոր ոճիրներն ամենուր: Այնպես որ, եթե ուզում ենք փոխել չարքաշ մարդու վիճակի մեջ ինչ որ բան, պետք է մի անգամ հիմնավորապես նստել ու հասկանալ, թե ի°նչ է, կամ էլ մի գուցե ո°վ է, այդ պետություն կոչվածը:
Արամ Մաթևոսյան
Ի՞նչ ընտրություններ, ինչ ԱԺ, ինչ պատգամավոր` համ վնաս, համ տնազ...Նորմալ մարդը իրեն գոնե անհարմար պիտի զգա, 100 հազարներով փող ստանալ եւ չգիտես ինչով զբաղվել: Հարգելի պատգամավորներ զարպլատան նորմալ է? Հերիքում է? Պիդ կացեք!
ՀԱՅԿ
Եթե կոնկրետ ասեմ, ապա նրանք չեն տարբերվում ՀՀ պատգամավորներից. ով չգիտե Ռուդիկի R-սուպերմարկետի, կամ մյուսների բիզնեսի մասին, այնիչն Սահմանադրության 79-րդ հոդվածն ասում է. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպությունում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ... Լավ լի, ախպոր պես...
HAYK
Հարգելի Արթուր, իսկ որ կուսակցությունը չի բաղձում (դա իրենցից անկախ է ստացում, քանի որ այլ ելք չկա...) Բակոին հաճոյանալու ? Դե Գեղամ Բաղդասարյանն էլ մի ծաղկով գարուն է Ազգային Ժողովում...
ՎԱՐԴԱՆ
Ազատ Հայրենիք կուսակցությունը անում է ամեն ինչ ԼՂՀ նախագահ Բ. Սահակյանին հաճոյանալու համար: Այդ կուսակցությունը չունի բավական ներուժ 1. ԼՂՀ ԱԺ-ում պատշաճ ձևով հանդես գալու 2. Կառավարություն ձևավորելու մասին անգամ խոսք լինել չի կարող:Ռ. Հյուսնունցի նման կեղծ հոգևոր եղբայրներին ու առնետներին պետք է իր տեղը ցույց տալ :Առաջիկա ընտրություններում հաղթելու ախորժակը կկապվի իրական ընդդիմադիր ուժի հայտտնվելուց հետո:
Արթուր
Հիշում եմ նախորդ պատգամավորական ընտրությունները Ղարաբաղում: "Ազատ Հայրենիքը" որքան ուժ ուներ անկեղծացել էր եւ խոստանում էր պարբերաբար հանդիպել ժողովրդի հետ, (այն նույն տեղը, որտեղ խոստումը տալիս էր` շենքերի բակերում) : Չհանդիպեց գոնե մեկ անգամ: Իսկ ահա նշված կուսակցության համանախագահ, ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Հյուսնունցը նորից պատրաստվում է "ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ" մասնակցել ընտրություններին... Չէ, ուղղակի ժողովուրդն անհանգստացած է իր ընտրյալներով, արդյո՞ք տաք է ԱԺ շենքում, BAXI կա՞ դրած, ի՞նչ ընթացք է ստանում երկքաղաքացիության մասին օրենքը, բա Եհովայի վկաները բանը ո՞նց է լինելու:
ԿԱՐԵՆ
Այո, ազատության մեջ գոնե մեկ օր հայտնված ստրուկն այլեւս անզոր է ստրուկ լինել: Սակայն ադմինիստրատիվ ռեսուրսներ օգտագործոսղները լավ գիտեն դա եւ թույլ չեն տալիս ոչ թե մեկ օր, այլ ընդհանրապես:
ՎԱՐԴԱՆ


*  
*
* - Դաշտերի լրացումը պարտադիր է
 
  

 

 

Բաժնի նյութերը