|
ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը մեկօրյա, կարելի է ասել մի քանի ժամյա այցով ժամանում է Հայաստան եւ հանդիպելու է Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի հետ, իսկ հետո նա մեկնելու է Վրաստան, այնտեղ հանդիպելու է Վրաստանի իշխանության ու ընդդիմության հետ, ու փետրվարի 5-ին Սթեյնբերգը մեկնելու է Մյունխեն, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Ալիեւին: Սթեյնբերգը կարեւոր պաշտոնյա է: Համենայն դեպս գոնե Հայաստանի համար այնքան կարեւոր, որ երբ նախորդ տարի հուլիսի 11-ին նա նույնպես կարճատեւ այցով ժամանել էր Երեւան` Ադրբեջանից, Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպումից հետո նրա մամուլի ասուլիսը կազմակերպվեց հենց Հայաստանի նախագահի նստավայրում: Հայաստանի նախագահի նստավայրը իհարկե Կրեմլ կամ Սպիտակ տուն չէ, ու ոչ էլ Ելիսեյան պալատ, բայց ամեն մարդու չէ, որ կտրվի այդ նստավայրում ճեպազրույցի հնարավորություն: Այն ժամանակ Սթեյնբերգն էլ թերեւս արժանիորեն “վարձահատույց” եղավ իրեն ցուցաբերած պատվի համար հայտարարելով. “Մենք ներուժ ենք տեսնում մեր հարաբերությունների հետագա ընդլայնման համար, եւ ընդգծում ենք Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարարի աշխատանքն այս ամուր հարաբերությունների կերտման մեջ, ինչպես նաեւ տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման մեջ մենք գնահատանքով եւ հիացմունքով ենք վերաբերվում Հայաստանի առաջնորդությանը, բարձր ենք գնահատում իրենց ջանքերն առաջ ընթանալու այս, թույլ տվեք ասել, պատմական նշանակության գործընթացում եւ ողջունում ենք խիզախ քայլերը, որոնք կատարվել են, որպեսզի հնարավորություն ունենանք, որ նոր գլուխ բացվի տարածաշրջանի մեջ, որը շատ օգտակար կլինի եւ Հայաստանի, եւ Թուրքիայի, եւ տարածաշրջանի բոլոր պետությունների համար”, ասել էր Սթեյնբերգը 2009 թվականի հուլիսի 11-ին, Հայաստանի նախագահի նստավայրում Էդվարդ Նալբանդյանի հետ ճեպազրույցի ժամանակ: Այժմ, Սթեյնբերգի երկրորդ այցելությունից առաջ, իրավիճակը այլ է: Հայ-թուրքական “պատմական նշանակության” գործընթացը հայտնվել է գրեթե փակուղում, Սահմանադրական դատարանը կայացրել է բազմերանգ մեկնաբանություններով մի որոշում, Իրանը պետական այցով Թեհրան է հրավիրել պաշտոնաթող Ռոբերտ Քոչարյանին, Սոչիում մադրիդյան սկզբունքների ինչ որ պրեամբուլա է մշակվել, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը հավանական է համարել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմը: Ինչից է գոհ լինելու կամ ինչով է հիանալու Սթեյնբերգն այս անգամ: Շատ հավանական է, որ Սթեյնբերգի ներկայիս այցն անցնելու է առավելապես դժգոհությունների եւ հիասթափությունների մթնոլորտում: Գուցե դա է պատճառը, որ կարծես թե այս անգամ Հայաստանում, առավել եւս նախագահի նստավայրում, Սթեյնբերգի համար նախատեսված չէ ճեպազրույց: Թերեւս խոսելու շատ բան կա, եւ քիչ ժամանակը ավելի նպատակահարմար է գտնվել տրամադրել զրույցին, ոչ թե ճեպազրույցին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
|