|
Երբ որեւէ վերլուծական կենտրոն պատերազմ է կանխատեսում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, հավանական է համարում այդ պատերազմը, ապա դա թերեւս մեծ մասամբ վերագրվում է այդ կենտրոնի գործունեության բնույթին: Դե, վերլուծական կենտրոն է, ինչքան որ խաղաղությունը հավանական համարի, այդքան էլ, կամ գոնե մի քիչ էլ հավանական պետք է համարի պատերազմը: Եվ այդ վերագրումը թերեւս բավական արդարացի է: Բայց երբ պատերազմի հավանականության մասին է խոսում ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը, ապա այդ դեպքում կարծես թե լրջությունը շատ ավելի մեծ է: Իսկ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենը ԱՄՆ Սենատի առաջ խոսել էր հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմի հավանականության մասին: Բայց, նրա պաշտոնի եւ արած հայտարարության լրջությամբ հանդերձ, թերեւս պետք է նկատել, որ երբ երկու կամ երեք պետություն գտնվում են հրադադարի ռեժիմում, ապա նրանց միջեւ պատերազմի վերսկսումը գրեթե միշտ էլ հավանական է, քանի դեռ չկա խաղաղության համաձայնագիր: Ավելին, նույնիսկ խաղաղության համաձայնագիրը արգելք չէ սկսել որեւէ պատերազմ: Եվ դրանից բացի, մի հատկանշական հանգամանք` Վրաստանի ու Ռուսաստանի, կամ այսպես կոչված վրաց-ռուսական օսական պատերազմից առաջ, ԱՄՆ Ազգային հետախուզությունը կարծես թե չէր խոսել այդ պատերազմի հավանականության մասին, թեեւ հակամարտության այդ գոտում իրավիճակը գուցե ավելի լարված էր, քան հայ-ադրբեջանական հակամարտության գոտում: Այսինքն, ինչքան էլ լուրջ է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնը` հետեւաբար արած հայտարարությունները, այդուհանդերձ երեւի թե պետք էլ չէ դա ընդունել որպես “մարգարեություն”: Բանն այն է, որ Ղարաբաղի հակամարտության ռազմական գործողություն սկսելը այժմ այդքան էլ հեշտ գործ չէ: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդպիսի մտադրություն լինի միջնորդ տերություններից որեւէ մեկի, ավելի կոնկրետ ԱՄՆ կամ Ռուսաստանի մոտ: Միայն նրանք կարող են պատերազմ սկսելու հորդոր տալ որեւէ կողմի, կամ սադրել պատերազմ, կամ թույլ տալ, որ որեւէ այլ պետություն այդպիսի սադրանքի դիմի: Բայց, եթե ԱՄՆ եւ Ռուսաստանի մոտ լինի այդօրինակ համաձայնություն, ապա թերեւս բանը պատերազմի էլ չհասնի, քանի որ հակամարտ կողմերից որեւէ մեկն ի զորու չէ կանխել ԱՄՆ եւ ՌԴ սկզբունքային համաձայնությունը, լավ իմանալով, որ հակառակ պարագայում դա կպարտադրվի պատերազմով: Բայց, դրա հետ մեկտեղ, գուցե բանն այն է, որ ասենք Հայաստանի իշխանությունը դեմ չէ որեւէ զիջման, բայց միջնորդ տերություններին ասում է, որ դրա միակ հնարավոր միջոցը պատերազմն է, քանի որ խաղաղ պայմաններում Հայաստանի իշխանությունը չի կարող համոզել հաարակությանը, որ պետք է գնալ զիջումների: Բայց, մյուս կողմից, միթե Հայաստանի հասարակության եւ քաղաքական դաշտի այսօրվա վիճակը հիմք տալիս է մտածելու, որ խաղաղ պայմաններում զիջման գնալը Հայաստանի իշխանության ուժից վեր է: Հազիվ թե: Գուցե խնդիրը Ղարաբաղի հասարակությունն է, բայց այն էլ գտնվում է տեղեկատվական այնպիսի բլոկադայի մեջ, որ կարելի է այդ հասարակությանը պարտադրել ցանկացած կարծիք, որը ձեռնտու է իշխանությանը, առավել եւս, որ Ղարաբաղի հասարակությունն անցած տասնամյակում վարժվել է ազատ, բայց միեւնույն ժամանակ խաղաղ կյանքին, ոչ առավելապես, բայց մի զգալի մասով ներգրավված լինելով այդ խաղաղության ընձեռած նյութական բարիքների բաշխման շրջանակի մեջ: Բայց, պատերազմի հավանականություն կա նաեւ այն դեպքում, երբ դա նպատակահարմար գտնի միջնորդ տերություններից որեւէ մեկը, առանց մյուսի հետ այդ հարցում համաձայնության: Համենայն դեպս, առնվազն ռազմական գործողությունների սադրանքի, ունակ են առանձին վերցրած թե ԱՄՆ, թե Ռուսաստանը: Բայց արդյոք նրանք կդիմեն այդ քայլին: Չէ որ մեկի սադրանքը մյուսի հակազդեցությանն է հանդիպելու, եթե չկա երկուստեք համաձայնություն: Իսկ դա նշանակում է, որ առնվազն մեկն այդ սադրանքից մնալու է ձեռնունայն, ինչի վկայությունն էր վրաց-ռուսական օսական պատերազմը: Ռուսաստանը հաղթական բլից-կրիկով նետվեց դեպի Թբիլիսի, բայց ի վերջո կանգ առավ, իսկ վերջում էլ հասկացավ, որ պատերազմով ընդամենը վերցրել է այն, ինչ առանց այդ էլ իրենն էր, իսկ ինչ իրենը չէր, ոչ միայն չի վերցրել, այլ թերեւս կորցրել է իրենը դարձնելու շանսը: Թերեւս այդ գիտակցումն է, որ ՌԴ ներկայիս նախագահին մղեց Վրաստանի հետ խաղաղ մրցակցության մոտեցմանը, Վրաստանը խաղաղությամբ վերցնելու մարտավարությանը, որը ռուսները կարծես թե փորձում են կիրառել: Այլ կերպ ասած, միակողմանի սադրանքը հնարավոր է, բայց եթե սադրող կողմը համոզված լինի, որ դրանով կարող է հարց լուծել: Բայց եթե որեւէ կողմ ունենա այդպիսով հարց լուծելու հնարավորություն, ապա այդ հնարավորությունը կարող է աշխատեցնել հենց բանակցային գործընթացում: Իհարկե, այդ ամենով հանդերձ չի բացառվում, որ գործ ունենանք պարզապես պրոֆիլակտիկ պատերազմի հետ, որը կարող է որոշակիորեն մաքրել հակամարտության կարգավորման գործընթացում կուտակված ավելորդությունները, ինչը կարող է ձեռնտու լինել բոլորի` թե միջնորդների, թե հակամարտող կողմերի համար: Այդ առումով նույնիսկ լավ է, որ կողմերը պատրաստվեն պատերազմի: Ի վերջո, դա, առավել եւս Հարավային Կովկասում, գոնե առայժմ, խաղաղություն ապահովելու կարծես թե միակ գործուն միջոցն է: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Ուզում ես խաղաղություն,պատրաստվիր պատերազմի:
Մկո
Արցախցին երբեք իր ազատագրածը չի տալու, նրա վզին ոչ ոք ոչինչ էլ երբեք չի կարողանալու փաթաթել: Ու թող փորձեն, կտեսնեն ղարաբաղցու կողքի հաստությունը
Պայմանավորված պատերազմի արդյունքը երբեք չի կարող կանխորոշված լինել: Այն կարող է ավարտվել ինչպես Սևանի, այնպես էլ Կուրի ափին` մեզնից է կախված: Բայց ինչպիսին էլ լինի պատերազմի արդյունքը, միևնույն է, պայմանավորվող անձի համար արդյունքը մեկն է լինելու: Եվ ոչ մի միջազգային երաշխիք նրան չի փրկի:
Արմեն Աղայան
Ի՞նչ անենք հիմա: Պատրաստվենք պատերազմի?
Արմեն (Karabakh)
|