|
Հայաստանի մսի շուկայում առաջացած իրավիճակը իշխանության տնտեսական քաղաքականության լավագույն վկայությունն է: Ավելի շուտ լավագույն վկայությունն է այն բանի, որ այդ տնտեսական քաղաքականության հասցեատերը ամենեւին էլ Հայաստանի քաղաքացին չէ, այլ մարդիկ, որոնք մոտ են կանգնած իշխանությանը, ու ցանկանում են պարզապես որքան հնարավոր է հարստանալ: Իսկ այն, որ խոսքը հենց իշխանությանը մոտ կանգնած մարդկանց մասին է, թերեւս կասկածից վեր է, որովհետեւ երեխան անգամ չի հավատա, որ կարելի է չլինել իշխանությանը մոտ կամ կից, ու հարյուր հազարավոր գլուխ ոչխարներ արտահանել Իրան: Իսկ թե այդ արտահանումից ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի շուկայում, այդ անձանց բնականաբար չի հետաքրքրել: Ու թերեւս չպետք է հետաքրքրի էլ, քանի որ նրանք մտածում են իրենց շահույթի կամ եկամտի մասին: Հայաստանի շուկայի մասին պիտի մտածի այն իշխանությունը, որին մոտ են կանգնած արտահանող այդ մարդիկ եւ որը հարկատուների հաշվին շրջում է ծառայական շքեղ մեքենաներով, աշխատում է տաք եւ հարմարավետ աշխատասենյակներում: Բայց, մյուս կողմից, դա ամենեւին չի նշանակում, որ այդ իշխանությունը պետք է ծառայի հարկատուներին: Բոլորը թերեւս գիտեն, որ իշխանությունը շատ հանգիստ կարող է հրաժարվել հարկատուների այդ փողերից, քանի որ դրանց հույսին չէ, կամ հազիվ մեկ ձեռքի մատների վրա հաշվվող պաշտոնյաներ կան, որ այդ փողի հույսին են: Իշխանության մնացած, բուն մասի փողը գալիս է անձնական բիզնեսներից, կոռուպցիայից: Չի բացառվում, որ ոչխարի բիզնեսն էլ հենց այդ շարքից է, եւ իշխանությունը ոչ միայն հովանավորում է մեկին, այլ կիսվում է այդ մեկի հետ: Արդյունքն այն է, որ երկրի մսի շուկան գրեթե ցնցվում է: Գուցե ոչ այնպես, ինչպես ասենք ամիսներ առաջ շաքարավազի շուկան ցնցվեց, կամ ցնցվեց ֆինանսական շուկան, բայց մսի շուկայի իրարանցումն այնպիսին էր, որ նկատելի էր գրեթե ամբողջ բնակչության համար: Ի վերջո, իշխանությունից բացի, մեկ-մեկ էլ քաղաքացիներն են միս ուտում, կամ ուտում էին, մինչեւ մսի գնի կտրուկ աճը: Իսկ իշխանությունը, փոխանակ մտածելու այդ մասին, փոխանակ մտածելու, որ ինչքան էլ որեւէ մեկի համար շահավետ է Իրան միս արտահանելը, այդուհանդերձ դա վնաս է տալու Հայաստանի ներքին շուկայում ու հետեւաբար պետք չէ այդպիսի բան թույլ տալ, գյուղնախարարին հանեց հեռուստաեթեր, որ նա արդարացնի այն, ինչ կատարվել է ու կատարվում է: Գյուղնախարարն իհարկե մեծ հաշվով որեւէ մեղք չունի: Նա կատարող է: Մինչեւ եթեր գնալը նա հաստատ իր եթերային ասելիքը մի քանի անգամ ճշտել է ավելի բարձր ինստանցիաների հետ: Այնպես որ, եթերում ինքնագործունեություն չէ, որ եղել է, այլ հանձնակատարություն: Հայաստանում ընդհանրապես, հատկապես երբ խոսքն իշխանության գործողության մասին է, ինքնագործունեությունն անհնարինի ոլորտից է: Ինքնագործունեությունը Հայաստանի իշխանական համակարգի թշնամին է ու կպատժվի ակնթարթորեն, որովհետեւ այդպիսին է ամբողջատիրական համակարգի բնույթը: Կամ ամբողջն է վերահսկողության տակ, կամ վերահսկողությունից դուրս է գալիս ամբողջը: Հետեւաբար, դա նաեւ նշանակում է, որ ոչ միայն ոչ մի պաշտոնյա եթեր, այլ նաեւ ոչ մի ոչխար Հայաստանի սահմանից դուրս չի գա առանց վերահսկողության: Դե, իսկ հասարակությանն էլ մսի փոխարեն իշխանությունը դեմ կտա պաշտոնական վիճակագրությունը, ուր հպարտ-հպարտ կնշի, որ այսինչ-այնինչ ժամանակահատվածում արտահանումը Հայաստանում աճել է իքս տոկոսով, ու քանի որ մենք վարում ենք արտահանման խրախուսման քաղաքականություն, ապա կարող ենք վստահ ասել, որ այն տալիս է իր պտուղները. պտուղ կերեք, միսն ինչ եք անում: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Հ.Գ. ԱՌԱՋԱՐԿ ՈՉԽԱՐԻ ՄԱԳՆԱՏՆԵՐԻՆ Նկատի ունենալով Հայաստանից ոչխարի դեպի Իրան արտահանման մեծ թափը, մեր ընթերցողների մի խումբ հանդես է եկել արտահանումն առավել շահավետ դարձնելուն եւ դրան առավել մեծ ծավալ հաղորդելուն նպաստող առաջարկով: Մասնավորապես, քանի որ եղանակային պայմանների անկանխատեսելիության պատճառով հնարավոր չէ բեռնատարով անընդհատ ոչխար արտահանել Իրան, քանի որ ճանապարհը երբեմն փակվում է, մեր ընթերցողներն առաջարկում են կառուցել հայ-իրանական ոչխարամուղ: Ոչխարը Հայաստանում դնում են խողովակաշարի մեջ, մի քիչ խոտ դնում բերանը, որ ճանապարհին չնիհարի, մի թեթեւ հրում են եւ այն մի քանի ժամից հասնում է Իրան: Քանի որ ոչխարամուղի շինարարության համար կպահանջվի զգալի գումար եւ ժամանակ, կարելի է նաեւ այդ ծախսից էլ խուսափել: Բանն այն է, որ կա հայ-իրանական գազամուղ, որը Հայաստանին պետք է որ այլընտրանքային եւ էժան գազ ապահովեր Իրանից: Բայց, թեեւ կառուցված լինելուն, չգիտես ինչու այդ գազամուղով Հայաստան գազ չի գալիս: Հետեւաբար, կարելի է պարապուրդի մատնված գազամուղը օգտագործել ոչխարներ արտահանելու համար: Կարող է խանգարել այն հանգամանքը, որ գազամուղը մի քիչ նեղ է եւ ոչխարը մի կերպ կխցկվի գազամուղի մեջ եւ առաջ չի գնա, բայց այդ հարցն էլ լուծելի է: Պետք է ուղղակի ոչխարը մի թեթեւ ձեթոտել, ու նա այդ նեղ խողովակով էլ հանգիստ կսահի: Քանի որ գազամուղը տարանցիկ չէր լինելու, խողովակի տրամագիծը նեղ ընտրվեց: Ում մտքով կանցներ, որ մի քանի տարի անց Իրան ոչխարի արտահանման համար գազամուղը կարող է պետք գալ:
Ամեն ինչ հրաշալի է: Ես օրինակ պատկերացնում եմ, թե ինչ կկատարվի Հայաստանի գիտության հետ, եթե մեր մյուս հարևանը՝ Թուրքիան էլ որոշի Հայաստանից ուղողներ արտահանել՝ դրանց տերերին մի փոքր ավելի վճարելով, քան նրանք ստանում են ապակիները կոտրված մեր գիտահետազոտական ինստիտուտներում: Ոչխարի պակասը կարելի է լրացնել, ինչպես գյուղնախարարությունն է ասում, Հոլանդիայից: Իսկ գիտնականների պակա՞սն ինչպես կարելի կլինի լրացնել: Այս հարցին էլ թող պատասխանի գյուղնախարարը: Հանձնակատարությունը հանձնակատարություն է, ի՞նչ տարբերություն, ոչխարի՞ գծով է դա, թե գիտնականի:
Էդիկ Անդրեասյան
Ես օրինակ համաձայն եմ, որ որքան շատ արտահանվի, այնքան լավ: Պարզապես տեղական ոչխարների կյանքի պայմանների բարելաումը պետք է աճի արտահանման ծավալներին զուգահեռ, այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի :)
Աննա
Պարոն Բադալյան փաստորեն դուք լավ տեղյակ եք ոչխարի արտահանման գործընթացին և կարող եք ելք գտնել ցանկացած իրավիճակներում: Իսկ ինչ կասեք ոչխարի մագնատների մասին, եթե նրանց էլ հնարավոր լիներ ուղարկել ոչխարին հետքերով ու առանց ձեթը քսելու, կամ ասենք 20կգ-անոց վերարկուներն ու զարթեղենը հանել ու նոր ճանապարհել գազամուղներով, իսկ դրսում ձմեռ է:))
Աննա
|