Lragir.am - Armenian Online

 Շաբաթ, 13 Մարտի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Հայաստանի քաղաքական դաշտում շրջանառվում է պառակտման հերթական պատմությունը` ՀՅԴ-Ժառանգություն “բաժանումը”: Այդ կուսակցություններն իրար հետ “ոչ”-ի շարժման մեջ էին, կազմում էին թերեւս այդ շարժման առանցքը, բայց ՍԴ հայտնի որոշումից հետո սկսեցին տարբեր կարծիքներ արտահայտել շարժման հետագա ընթացքի մասին, իսկ դրանից հետո էլ ի հայտ եկավ ԵԽԽՎ պատվիրակության կազմի փոփոխության պատմությունը, որտեղից Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին դուրս հանելու գործում ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեցավ Դաշնակցությունը: Դա էլ հիմք դարձավ Ժառանգության եւ Դաշնակցության փոխադարձ ակնարկների կամ ուղղակի մեղադրանքների, ու հիմա Հայաստանի քաղաքական կյանքի կարեւոր թեմաներից մեկը դարձել է կամ դառնում է ՀՅԴ-Ժառանգություն բաժանումը:
 
Եվ արդեն իսկ հնչում են գնահատականներ, թե իբր կատարվում են երկու կուսակցություններին բաժանելու փորձեր: Այդ մասին հատկապես Դաշնակցության գործիչներն են ակնարկում: Օրինակ, Արծվիկ Մինասյանը փետրվարի 8-ի ասուլիսի ընթացքում դատապարտեց այդպիսի փորձերը, այդպես էլ իհարկե չհստակեցնելով, թե հատկապես ովքեր են փորձում պառակտել Դաշնակցությանն ու Ժառանգությանը:
 
Դա կարծես թե Հայաստանի քաղաքական ուժերի զգալի մեծամասնության համար դարձել է ինքնապաշտպանական միջոց, կամ ինքնարդարացման միջոց, որով արդարացնում են իրենց քաղաքական ամլությունը: Եթե որեւէ կուսակցության կամ քաղաքական միավորման մոտ առաջանում է որեւէ խնդիր, ապա անմիջապես հրապարակ է նետվում պառակտելու փորձի մասին վարկածը, այդպիսով պատասխանատվությունը սեփական ուսերից դնելով իշխանության, կամ որոշ դեպքերում էլ Հայ ազգային կոնգրեսի վրա: Օրինակ, Ժառանգություն կուսակցությունը չի կարողանում իր ներքին հարցերը լուծել, մի կողմը հրապարակ է նետում իշխանության, մյուս կողմը Հայ ազգային կոնգրեսի “պառակտիչ” գործողությունների վարկածը: Հնչակյանները չեն կարողանում իրենց հարցերը լուծել, կրկին, մի կողմը պաշտպանվում կամ արդարանում է իշխանության, մյուս կողմը Հայ ազգային կոնգրեսի “պառակտիչ” գործողությունների վարկածով:
 
Դրանից առաջ էլ այլ կուսակցություններն էին այդպես արդարանում կամ ինքնապաշտպանվում, թեեւ այն ժամանակ միայն իշխանության “պառակտիչ” գործունեության վարկած կար, որովհետեւ Հայ ազգային կոնգրես գոյություն չուներ:
 
Հիմա էլ Դաշնակցության ու Ժառանգության գործակցության մասով է նույն խնդիրը: Իշխանությունն իհարկե հրեշտակ չէ, Հայ ազգային կոնգրեսն էլ բնականաբար ունի իր քաղաքական շահն ու նախընտրությունը այս կամ այն քաղաքական ուժի պարագայում, եւ բնականաբար, թե իշխանությունը, թե Հայ ազգային կոնգրեսը կանեն իրավիճակից օգտվելու տարբեր փորձեր, ուղղակի կամ անուղղակի, մեկը օգտվելով իշխանական լծակներից, մյուսն իր քաղաքական մեծ ազդեցությունից: Բայց, միեւնույն է, “պառակտման” խնդրի պատասխանատուն միայն այն ուժն է կամ այն ուժերը, որոնք հանդիսանում են բուն խնդրի կրողը:
 
Եթե Դաշնակցությունն ու Ժառանգությունն ունեն ինչ որ հարցերի հետ կապված անհամաձայնություն, ապա թերեւս ավելի ազնիվ է պարզ ու շիտակ հայտարարել այդ մասին, ոչ թե “մուկն ու կատու” խաղալ, սեթեւեթել, թե մեզ փորձում են պառակտել եւ այլն: Ինքնարդարացումը թերեւս դրված է հայաստանյան քաղաքական համակարգի հիմքում: Հայաստանի քաղաքական գրեթե բոլոր ուժերն ու միավորները, ստեղծման պահից ի վեր կարծես թե ենթագիտակցորեն սկսում են ինքնարդարացման տարբերակներ ու վարկածներ մշակել կյանքի բոլոր դեպքերի համար: Երբ որեւէ գործակցության ֆորմատ է ձեւավորվում, ապա դրա մասնակիցները երեւի թե առաջին հերթին սկսում են մտածել ոչ թե անելիքի, այլ բաժանվելու պատճառների մասին, բաժանման պատասխանատվությունը սեփական ուսերից վայր դնելու հնարավորությունների մասին, արտաքին մեղավորների պոտենցիալ շրջանակ կազմելու եւ պատրաստ պահելու մասին:
 
Մինչդեռ թվում է, թե հասարակությունը գործ ունի հասուն քաղաքական ուժերի, հասուն քաղաքական անհատների հետ, որոնք պետք է որ ունենան անձնական պատասխանատվության բարձր զգացում:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ


Ընթերցողների արձագանքները
Կարծում եմ մարդ կարծիք արտահայտելիս գոնե պետք է տեղյակ լինի իրադարձությունների ընթացքին:ժառանգության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական դաշտի այն եզակի գործիչներից մեկն է ում խոսքն ու գործը երբեք չի հակասել իրար, այն մարդն է, որից պետք է օրինակ վերցնեն մեր քաղաքական դաշտի ներկայացուցիչները: Զարուհի Փոստանջյանին քննադատլիս` զգույշ եղեք, որովհետեւ բացահայտվում է ձեր իրավագիտակցության մակարդակի չափը, քանզի ՀՀ-ում չկա երկրորդ այդպիսի քաղաքացի, ով ընդվզի մարդու իրավունքների խախտման ցանկացած դրսեւորման դեմ այնպես ,ինչպես դա անում է նա:
Աննա
Ժառանգության ՀԱՍՈՒՆ քաղաքական գործիչներն են այն մարդիկ, որոնք մարտի 1-ին տանը չեն նստել եւ խոսել պայքարից, որոնք սեփական ժողովրդի դեմ չեն կիրառել զինված ուժեր` տանկեր եւ նույն ժողովրդի զավակներից կազմված բանակը: Ժառանգությունը այն ՀԱՍՈՒՆ քաղաքական ուժն է, որն երբևէ չի կեղծել ընտրությունների արդյունքները: Ժառանգությունը այն ՀԱՍՈՒՆ քաղաքական ուժն է, որն Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության բախտորոշ պահերին գերակա է համարել Հայաստանի շահը, այլ ոչ թե կուսակցական (կոալիցիոն), կլանային կամ անձանական միաիշխանական ամբիցիանները:
ՀՀ քաղաքացի
Ժառանգությունում որպես հասուն քաղաքական գործիչներ քանի՞ հոգու եք ճանաչում: Դուք ձեր մտքում հաշվեք, իսկ ես շարունակեմ: Ամեն անգամ, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում Հայաստանից, այս կուսակցության հետ ինչ-որ բան է կատարվում: Հիշեք Երևանի քաղաքապետի ընտրությունները, որի արդյունքում այս կուսակցությունն ուղղակի ճողվածք տվեց ու նրանից որոշները հեռացան: Այս օրերին էլ Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում է երկրից: Հենց այդ բացակայությունն է պատճառը, որ Ժառանգության իգական մասն իրեն ճիշտ չի պահում: Միայն թե իրենց պտտեցնեն եվրոպաներում, միայն թե կարողանան տղա բերել հայաստանի վրա: Եթե ՀԱԿ-ը չի բզում Ժառանգությանը, ապա ով է կանգնած այս աղմուկի հետևում: Հետևաբար պարոն Բադալյանի կարծիքը չենք կիսում, թե հրահրողներ չկան, կամ նրանց հրահրումով չէ միայն պայմանավորված Ժառանգության և Դաշնակցության վեճը: Այստեղ վեճ էլ չկա: Կան ժառանգական ամբիցիաներ, եթե ուզում եք:
 
Ասացինք էլ ժառանգությանը,զգուշացրինք էլ,որ չի կաւելի համատեղել անհամատեղելին....պառակտում են ոչ թե տարբեր գաղափարները,այլ տարբեր շահերը
Անուշ


*  
*
* - Դաշտերի լրացումը պարտադիր է
 
  

 

 

Հակոբ Բադալյանի հոդվածները


Բաժնի նյութերը