|
Փետրվարի 9-ին Ժառանգություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նրանց խնդրանքով գնահատել է Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլլահ Գյուլին, որը Սերժ Սարգսյանն ուղղել էր օդանավից, Թուրքիայի տարածքով Մեծ Բրիտանիա թռչելիս: Ստեփան Սաֆարյանը նշել է, թե նախ լավ չի պատկերացնում, թե ինչպես է այդ ուղերձը հղվել, “օդանավի պատուհանը բացել են, նետել”, թե որեւէ այլ կերպ: Այդ կատակից հետո, Ստեփան Սաֆարյանը նշել է, որ իրականում պաշտոնական Երեւանն այդպիսով փորձում է ցույց տալ, թե “գնդակը Թուրքիայի դաշտում է եւ որ Սերժ Սարգսյանը Հայաստանի իշխանության մեջ որեւէ խնդիր չունի հայ-թուրքական հարաբերության գործընթացի հետ կապված”: Սակայն, դա այդպես չէ, ասում է Ստեփան Սաֆարյանը, նշելով, թե ծանոթ է իշխանական համակարգի տրամադրություններին: Ստեփան Սաֆարյանը նաեւ հայտարարել է, որ Սերժ Սարգսյանի ուղերձը հայ-թուրքական հարաբերության գործընթացում չի փոխի ոչինչ: Սաֆարյանի կարծիքով, դա ներքին օգտագործման ուղերձ է:
|