|
Հարցազրույց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արա Նռանյանի հետ ՀՅԴ-ն վերջերս հայտարարեց, թե անցնելու է ներքին խնդիրների լուծմանը: Ի՞նչ է նշանակում ներքին խնդիրներին անցնելը: Մեր կուսակցությունը մշտապես անդրադարձել է թե ներքին, թե արտաքին խնդիրներին, պարզապես մի պահ արտաքին քաղաքականության պրոբլեմները երկրորդ պլան էին մղել կառավարության եւ իշխանության ձախողումները տնտեսական քաղաքականության ուղղությամբ: Եվ մեր ակտիվությունն արտաքին ճակատում որոշ չափով ստվերում էր այն ամբողջ աշխատանքը, որ մենք կատարում ենք սոցիալ-տնտեսական ոլորտում: Եվ ՀՅԴ-ի հայտարարությունը, որ մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնելու սոցիալ-տնտեսական խնդիրներին, ամենեւին չի նշանակում, որ մենք նախկինում այդ հարցերին չենք անդրադարձել: Ընդհակառակը: Համոզված կասեմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին ամենամեծ անդրադարձը կատարել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: Այլեւս ակնհայտ է, որ ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն լուծել Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերները` լինեն դրանք արտաքին ճակատում ծառացած, թե ներքին կյանքում: Ասեմ ավելին, կառավարությունն իր գաղափարախոսությամբ լինելով նեոլիբերալ, մեծ ցանկության դեպքում անգամ ի վիճակի չէ լուծելու այդ խնդիրները. այն բոլոր պրոբլեմները, որ առկա էին մինչեւ ճգնաժամը, ավելի սրվեցին ու խորացան ճգնաժամի արդյունքում: Պահանջվում է բոլորովին այլ մտածելակերպ, բոլորովին այլ թիմ: Այսօր ԱԺ են բերվում օրինագծեր, որոնք խորացնում են մոնոպոլիզացիան, խոչընդոտում եւ հարվածում փոքր ու միջին բիզնեսին, ոտնահարում, սահմանափակում աշխատողների իրավունքները: Ես բերեմ մի քանի օրինակ: Աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով հանվում է մանկական աշխատուժի օգտագործման սահմանափակումը, ձևավորվում են պայմաններ գիշերային և արտաժամյա աշխատողների շահագործման համար, նվազեցվում է արձակուրդի տեւողությունը: Եթե առաջիկայում սրճարաններում 12-13 տարեկան երեխաների տեսնեք` չնչին գումարի դիմաց աշխատելով, չզարմանաք, քանի որ Կառավարությունը հերթական անգամ փորձ է անում ընդունել որոշում, որը էլ ավելի է ստրկացնելու աշխատավորին, հանգեցնելու է հավելյալ եկամուտների ձեռքբերմանը խոշոր բիզնեսի կողմից: Հաջորդ օրինակը ներկայացված փոփոխություններն են բանկային օրենսդրությունում, լիցենզավորման ու պետական տուրքի մասին օրենքներում: Կառավարությունը ցանկանում է ավելացնել պետական տուրքը գրավատների ու փոխանակման կետերի համար` 1 մլն դրամ սահմանելով փոխանակման կետի, 6 մլն` գրավատնի համար: Այսպես կառավարությունը այդ բիզնեսը կանգնեցնելու է փակման եզրին: Բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են լինելու փակել իրենց բիզնեսն ու բռնեն արտագաղթի ճանապարհը: Ես էլ չեմ խոսում տնտեսական հետեւանքների մասին, քանի որ այդ քայլն իրագործելուց հետո իշխանությունը հնարավորություն է ունենում ամբողջությամբ կառավարելի դարձնել տարադրամի փոխարժեքը: Իսկ այդպես հնարավորություն կստեղծվի փոխարժեքի ՙտնօրինմանն՚ միջոցով գումարներ վաստակել: Սա պետական մակարդակով բացահայտ կոռուպցիայի օրինակ է: Իսկ ինչո՞ւ է կառավարությունը նման քայլեր անում: Կառավարությունն ինքն իր էությամբ, լինելով նեոլիբերալ, պաշտպանում է խոշոր բիզնեսի շահերը: Իսկ փոքր ու միջին բիզնեսի զարգացման իրական իմաստը ոչ ոք Հայաստանում այդպես էլ չհասկացավ: Ամբողջ աշխարհում փոքր ու միջին բինեսը համարվում է որպես արտահանման ու զարգացման պոտենցիալ ունեցող կարեւորագույն ոլորտ, տնտեսական կայունացման կարեւորագույն երաշխիք: Փոքր ու միջին բիզնեսի զարգացումը ոչ միայն տնտեսական խնդիր է, այլեւ` ժողովրդավարության կարեւորագույն տարրերից, երբ ցանկացած քաղաքացի կարող է ինքնուրույն գումար վաստակելով լինել տնտեսապես ազատ ու անկախ: Իսկ ազատ քաղաքական ընտրություն կարող է կատարել միայն ազատ քաղաքացին: Ցավոք, ողջ տնտեսական համակարգը վերածելով կենտրոնացված բուրգի, դրանով նաեւ նպաստում ենք քաղաքականության մեջ ավտորիտար համակարգի ձեւավորմանը: Դաշնակցությունն ի՞նչ է անում այդ ամենի դեմն առնելու համար: Վերջին Գերագույն ժողովից հետո հայտարարվեց իշխանափոխության մասին, բայց ՀՅԴ-ն ինչպե՞ս է հասնելու իշխանափոխության, երբ չի պահանջում գործող իշխանությունների հրաժարականը: ՀՅԴ 15-րդ Գերագույն ժողովը հայտարարեց, որ ՀՅԴ-ի առաջնային խնդիրներից է նոր իշխանության ձեւավորումը: Ընդ որում` այն պետք է լինի նոր մարդկանցով եւ որեւէ ձեւով չի ենթադրում այս կամ այն նախկին իշխանության վերադարձը: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է գնա առաջ, առաջընթաց ապրի: Իսկ դրա համար պետք են բոլորովին նոր մարդիկ, մեզ անհրաժեշտ է նոր սերունդ: Համոզված եմ, որ ՀՅԴ-ն տնտեսական ոլորտում ամենաշատ աշխատող, լուրջ հիմնախնդիրներ բարձրաձայնող կուսակցությունն է: Իսկ վերջին տարիներին մեր գործունեությունը փաստում է, որ թե վերլուծական աշխատանքով և տեղեկացվածությամբ, թե տնտեսական օրենսդրության փոփոխությունների առաջարկներով, թե հայտարարություններով ու հարցապնդումներով կուսակցությունը մշտապես արթուն է պահում սոցիալ-տնտեսական խնդիրները: Հասարակությունը դեռեւս մինչ օրս չի գիտակցել ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունը` իր բարեկեցությունն ու զարգացումն ապահովելու համար: Մեր հասարակությունը խիստ զգայուն է արտաքին քաղաքականության խնդիրների, բայց ոչ` ներքին խնդիրների նկատմամբ: Եվ դրանից է, որ ՀՀ-ում սոցիալական դժգոհությունների ավանդույթ չկա: Քաղաքացին պետք է հասկանա, որ սեփական իրավունքների համար հարկավոր է պայքարել: Եթե ինքը տանը նստի, ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում` ՀՅԴ-ն, միայնակ, ինքնուրույն չի կարող ապահովել բարձր աշխատավարձ, բարձր կենսաթոշակներ եւ այլն: Այսինքն` սոցիալ-տնտեսական խնդիրների համար հարկավոր է պայքարել համատեղ ջանքերով: Մենք կարեւորում ենք առաջիկա ժամանակահատվածում հասարակական ակտիվության մակարդակի բարձրացումը: Եվ Լեզվի մասին օրենքում այդ փոփոխությունների շուրջ զարգացումները, նախկինում` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ զարգացումները մեզ հույս են ներշնչում, որ հասարակությունն անտարբեր չի իր երկրի ճակատագրի նկատմամբ եւ ի վիճակ է պայքարել: Մենք մեր քաղաքացիների մոտ ուզում ենք այն գիտակցումն ամրագրել, որ նրանք կարող են փոփոխություններ կատարել: ՀՅԴ-ն պատրաստակամ ու վճռական է նոր` պայքարող, համարձակ ու հայրենասեր սերնդի ձևավորման ուղղությամբ տանել աշխատանք: Արտախորհրդարանական ընդդիմությունը պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ դուք ինչպե՞ս եք գնալու իշխանափոխության, քանի որ ՀՀ-ում իշխանական համակարգը բրգաձեւ կառուցվածք ունի, եւ առանց բուրգի գագաթի հրաժարականի, որեւէ իրավիճակ հնարավոր չէ փոխել: Եթե կարծում եք, որ մեկ կամ երկու քաղաքական ուժի պարզ հայտարարության շնորհիվ նախագահը կգնա հրաժարականի, ամենեւին էլ լուրջ չէ: ՀՅԴ-ն, որպես լուրջ կուսակցություն, չի կատարում քայլ, որը հետեւանք չի ունենալու: Նույն այդ հրաժարականը եւ իշխանափոխությունն անհրաժեշտ է նախապատրաստել: Մենք չենք ուզում կատարել մի հայտարարություն, որն անմիջապես իրականացնել ի վիճակի չենք, բայց նաեւ դա չի նշանակում, որ դրան չենք գնում: Մենք կարեւորում ենք հասարակության մթնոլորտի փոփոխությունը: Եվ եթե հասարակությունը գիտակցի, որ երկրի առջեւ կանգնած մարտահրավերներն այս իշխանությունն ի վիճակի չէ լուծել, ապա քաղաքացիների մեծ մասը չի գնա ընտրակաշառքի: Եթե տեսնի ռեալ այլընտրանք, ապա այսօր հրաժարվելով 5 հազար դրամ ընտրակաշառքից` կգնա փոփոխությունների, որը կապահովի իր ու իր երեխաների ապագան: Հասարակությանն այդ առումով նախապատրաստելու քայլերը ոչ մենք, ոչ արտախորհրդարանական ընդդիմությունը ամբողջապես չենք արել: Հասարակության զգալի հատվածն ապրում է այլ արժեքային համակարգով, որտեղ իշխում է փողը: Իսկ երբ իշխում է փողը, այդ դեպքում եւ քաղաքականությունը, եւ երկրի շահերը մղվում են երկրորդ պլան: Հայ-թուրքական զարգացումները ցույց տվեցին, որ քաղաքացիներն այնքան էլ անտարբեր չեն եւ վտանգի դեպքում կարող են արթնանալ: Իսկ այսօր վտանգը ռեալ է: Մեր ու արտախորհրդարանական ընդդիմության միջեւ եւս մեկ տարբերություն կա. մենք ոչ թե այս կամ այն անձի հրաժարականն ենք պահանջում, այլ` գնում ենք համակարգային փոփոխությունների, արմատական իշխանափոխության: ՀՅԴ-ն պահանջում էր մեկ պաշտոնյայի` ԱԳ նախարարի հրաժարականը` հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: Սակայն ակնհայտ է, որ առանց Սերժ Սարգսյանի, դժվար թե ԱԳ նախարարը գնար հայ-թուրքական այդ գործընթացին: ԱԳ նախարարի հրաժարականի պահանջը պայմանավորված էր արտաքին քաղաքականության մեջ այնպիսի բացահայտ բացթողումներով, որոնք արագ շտկելու նպատակով որպես լուծում տեսնում էինք նախարարի հրաժարականը, որպեսզի գոնե այդ պահին կարողանանք որոշակի փոփոխություններ կատարել արտաքին քաղաքականության մեջ, չեզոքացնել վնասներն ու պրոբլեմները: Գերագույն ժողովից հետո խոսվեց սոցիալական ապստամբության հավանականության մասին: Որքանո՞վ հասարակությունը կգնա դրան: Յուրաքանչյուր երկրի ժողովուրդ ունի ապստամբության ու սոցիալական դժգոհության իր դրսեւորումը եւ անպայման չէ, որ ՀՀ-ում հասարակությունն ըմբոստանա այնպես, ինչպես այլ երկրներում: Ցավոք սրտի, մենք ունենք ազգային վատ սովորություն. երբ վատանում է կյանքը, փոխում ենք բնակության վայրը: Կուսակցությունն անհանգստություն ունի, որ սոցիալական պրոբլեմների աճը հանգեցնելու է արտագաղթի նոր մեծ ալիքի: Ի դեպ, այդ ալիքի մասին մենք լուրջ ազդակներ արդեն ստանում ենք: Սոցիալական դժգոհությունն անպայման չէ, որ դրսեւորվի փողոց դուրս գալով, թեեւ` կառավարությունն ինքը ժողովրդին դրդում է նման քայլերի: Սոցիալական դժգոհությունը կարող է արտահայտվի նաեւ նրանով, որ ընտրությունների ժամանակ ժողովուրդը մի ալիքով սրբի բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնն են գնել ու հետագայում կեղեքել մարդկանց: Չի բացառվում, որ սոցիալական այդ դժգոհությունը հանդիսանա իշխանափոխության հիմքը, քանի որ հասարակությունն այսօր տեսավ` իշխանությունները ոչ միայն ի վիճակի չեն լուծելու արտաքին, այլ նաեւ ներքին մարտահրավերները: Հիմա ստեղծվել է ունիկալ վիճակ, երբ իշխանությունից դժգոհ են բոլորը, այդ թվում իշխանության տարբեր թեւերի ներկայացուցիչները: Իսկ ՀՅԴ-ն փորձելո՞ւ է մարդկանց հանել փողոց: Մենք հիմա ակտիվ աշխատելու ենք հասարակության հետ, տարբեր խավերի և ոլորտների ներկայացուցիչների հետ, աշխատելու ենք ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաեւ մարզերում: Եվ ձեր նշված հնարավորությունը մենք չենք բացառում: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ
|