|
Խաղատների մասին օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ այսօր տեսակետներ են ներկայացրել ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը և փորձագետ Կարինե Հակոբյանը: Վարդան Այվազյանը նշել է, որ նոր օրինագիծը 3 օրենքների նախագիծ է, քանի որ դրանով կկարգավորվեն ոչ միայն խաղատների, այլև լիցենզավորման և պետական տուրքի մասին օրենքները: Օրենքում առաջարկ կա խաղատներից գանձվող 400 մլն դրամ տուրքը դարձնել 1 մլրդ դրամ, նաև սահմանվել է գոտիականությունը, ըստ որի մեծ բնակավայրերի կողքին գտնվող խաղատներից գանձվող գումարն ավելի շատ է լինելու փոքր բնակավայրերի կողքին գտնվողներից: Առաջարկություն կա պետական տուրքի արտոնություն տալ նրանց, ովքեր կցանկանան խաղատուն բացել սահմանամերձ շրջաններում: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի խոսքով, 2013 թվականից սկսած հստակ քաղաքականություն է գործելու խաղատների մասով: Հստակ սահմանվել են գոտիներ, որտեղ պետք է գտնվեն խաղատները: Դրանք ամբողջությամբ, բացի օդանավակայանից, որտեղ միջազգային պայմանագրերով թույլատրված է խաղատան առկայությունը, տեղակայվելու են տուրիստական բնակավայրերում` Սևանում, Ջերմուկում և Ծաղկաձորում: Փորձագետ Կարինե Հակոբյանն ասել է, որ մտահոգության առարկան Ծաղկաձորի, Ջերմուկի և Սևանի ճակատագրերն են: Նրա կարծիքով, կա գաղափարական և բարոյական խնդիր: “Խաղամոլությունը կարող է եկամուտներ բերել երկրին, սակայն ում են պետք այդ եկամուտները, որ ապականելու են մարդկանց: Մենք չունենք երկրի անվտանգ զարգացման հայեցակարգ: Պետք է որոշել, որոնք են երկրի զարգացման գերակա ճյուղերը: Զարգացած երկրի համար տուրիզմը չի կարող գերակա ճյուղ համարվել, իսկ գիտությունը, մշակույթը, կրթությունը` ածանցյալներ: Գերադասելի է այդ խաղատները Երևանում լինեն, քան փոքր քաղաքներում, քանի որ փոքր քաղաքները հեշտությամբ կապականվեն, իսկ Երևանը մի կերպ կարող է դիմանալ”, ասել է Կարինե Հակոբյանը: Լրագրողի հարցին` թե ինչ պետք է անեն այն պատգամավորները, մասնավորապես Առաքել Մովսիսյանն ու Լեւոն Սարգսյանը, ովքեր խաղատներ ունեն, Վարդան Այվազյանը տվել է “սահմանադրական” պատասխան` օրենքը դրվելու է քվեարկության, եւ անհատի կամքով չի որոշվում:
|