|
Տիգրան Պասկևիչյան. Մարդ, ով երազում է լինել ավելի շատ գրող, քան՝ հրապարակախոս, ավելի շատ բնակիչ, քան՝ քաղաքացի եւ ավելի շատ հարցեր տալ, քան պատասխանել Լրագրի հարցերին Այսօր մեր քաղաքական կյանքում ի՞նչ է կատարվում: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը: Դժվար է գնահատական տալը, քանի որ օրակարգում շատ բան չի փոխվել: Անցած տարվա նորությունը հայ-թուրքական արձանագրություններն էին, որոնք էլ, ըստ իս, ակտիվացրել են ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը: Այսուհանդերձ՝ օրակարգի գլխավոր խնդիրը մնացել է նույնը՝ իշխանափոխություն, ինչն էլ գուցե հնարավոր դարձնի անցանկալի զարգացումների կանխումը։ Եվ եթե ամեն ինչ նույնն է մնացել, կարելի՞ է ենթադրել, որ այդպես էլ պայքարի ձևերը չգտանք: Պայքարի հիմնական ձեւը հետեւողականությունն է։ Նրանք, ովքեր կարծում են, թե պայքարը դանդաղել կամ դադարել է, համեմատություն են անում 2007-08-ի նախընտրական-հետընտրական (մինչև մարտի 1-ը) շրջանի հետ՝ մոռանալով, որ ընտրական գործընթացն իր տրամաբանությունն ու էներգիան ունի։ Նախագահական ընտրությունները ենթադրում էին որոշակի մարտավարություն, որոշակի քայլեր, որոնք այդ ժամանակ արվել են, արվել են ճիշտ, և գուցե հենց այդ պատճառով էլ իշխանությունները, ոչ մի փաստարկ չգտնելով, բիրտ ուժ կիրառեցին, որի արդյունքում ունեցանք զոհեր, վիրավորներ, քաղբանտարկյալներ: Նախագահական ընտրությունների այդ տեսակ ավարտից հետո մարտավարությունը փոխվեց։ Հիմա, իմ կարծիքով, Կոնգրեսը գործում է ոչ հեղափոխական մեթոդով՝ իշխանություններին միաժամանակ ցույց տալով եւ ճիշտ ճանապարհը, եւ օգտվելով այդ ճանապարհը չօգտագործելու իշխանությունների անմիտ վարքից։ Այս իրավիճակում դժվար է ձեռքբերումներին տալ քանակական կամ որակական գնահատական։ Կարելի է ասել՝ ընդդիմությունը չունի ձեռքբերումներ, իսկ իշխանությունը՝ հեռանկար։ Կամ կարելի է ասել, որ ընդդիմության ձեռքբերումն իշխանությանն անհեռանկար դարձնելն է։ Հնարավո՞ր է ուժի միջոցով հավերժ մնալ կամ երկարաձգել իշխանությունը: Միայն ուժի միջոցով հավերժ որևէ մեկը չի մնացել: Սովետական Միությունը, որ աշխարհի 1/6-րդ մասն էր զբաղեցնում, ուներ 250 միլիոնից ավել բնակչություն, միջուկային տերություն էր՝ հումքային անվերջ պաշարներով, չկարողացավ ուժի միջոցով մնալ: Երբ ասում եմ՝ անհեռանկար, նկատի ունեմ հենց ուժի վրա հույս դնելը։ Հասարակությունն ունի բազմաթիվ պահանջներ, որոնց չլուծումը չի կարող փրկել անգամ ամենաբիրտ իշխանությանը։ Իսկ ե՞րբ կսպառվի, ՀԱԿ-ը հիմա աշխատո՞ւմ է դրա ուղղությամբ: Երբ հիվանդին ճշգրիտ ախտորոշում ես եւ տալիս օգտակար դեղատոմս, դրանից հետո հիվանդությունը դառնում է հիվանդի խնդիրը։ ՀԱԿ-ն, ի վերջո, կարող է ոչինչ չանել, սպասել, դրանից վիճակը կլավանա՞, եթե «հիվանդն» ինքը ոչինչ չի անում բուժվելու համար։ Այսօր հասարակության մեջ հետաքրքիր զարգացումներ կան` նոր նախաձեռնություններ են ստեղծվում, աշխույժ քննարկումներ կարզմակերպվում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ: Շատ ուրախ եմ, որ տարբեր նախաձեռնություններ են ստեղծվում։ Բազմազանությունն ինձ միշտ հաճույք է պատճառում։ 88-90-ին էլ Ղարաբաղ կոմիտեն կամ ՀՀՇ-ն մենակ չէին։ Կային բազմաթիվ կազմակերպություններ, նախաձեռնություններ, կարծիքների, տեսակետների բախում կար։ Հիշում եմ՝ շատերն էին քննադատում Ղարաբաղ կոմիտեին կամ ՀՀՇ-ին ծրագիր չունենալու համար։ Նախախորհրդարան անունով մի կազմակերպություն կար, որը փորձում էր օրենքներ մշակել դեռեւս գոյություն չունեցող երկրի համար։ Այդ ամենը գուցե դրական էր։ Դրական էր այնքանով, որքանով ցանկացած նախաձեռնություն, ցանկացած շարժում, ցանկացած մտավոր աշխատանք ողջունելի է, բայց միշտ դոմինանտ է այն ուժը, որը հետապնդում է օրվա ամենահրատապ խնդիրը։ Հիմա Կոնգրեսն ասում է՝ իշխանափոխություն, մի ուրիշը հակադրվում է, թե Սահմանադրության այսինչ կետն է պետք փոխել։ Էհ, փոխենք կամ առաջարկենք փոխել, բայց եթե իրական իշխանությունը բուրգի ձեռքին է, ի՞նչ է փոխվելու դրանից։ Կարճ ասեմ՝ եթե տանը հրդեհ է բռնկվել, պետք է առաջին հերթին կրակը հանգցնել, ոչ թե քննարկել, թե հակահրդեհային անվտանգության որ համակարգի տեղադրումը ճիշտ կլիներ։ Ուզում եք ասել` իշխանափոխության հասնենք, նո՞ր միայն անցնենք մյուս խնդիրներին: Լևոն Տեր-Պետրոսյանն այդ խնդիրը շատ հստակ էր դրել 2007-ին, երբ ասում էր` պետք է կազմաքանդել ավազակապետական բուրգը: Հետաքրքիր մի պահ կա, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: 2007-ին նա ասում էր` ես գալիս եմ երեք տարով, անցկացնում եմ նախագահի ընտրություն և հրաժարվում եմ իշխանությունից էլ, քաղաքականությունից էլ: Այսինքն՝ կարեւորվում էր ընտրությունը, որովհետեւ Հայաստանում երբեք ընտրություն չի եղել։ 90-ին ընտրություն չի եղել, 91-ին էլ: 90-ի մայիսինն ընտրություն չէր, դա պարզապես շարժման նկատմամբ հավատարմությունը վերահաստատելու ակտ էր։ 91-ին ժողովուրդն ընտրեց թագավոր, ոչ թե նախագահ: Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահ չէր, նա կորսված թագավորությունների ու հեռվում մնացած թագավորների նկատմամբ ժողովրդի կարոտի մարմնացումն էր: Անկեղծ լինենք՝ ժողովրդավարական հասարակությունն 80-ից ավելի տոկոսով նախագահ չի ընտրում։ 96-ին թագավորը պիտի նախագահ դառնար, սակայն քաղաքական էլիտան կասեցրեց այդ գործընթացը։ 96-ից հետո Տեր-Պետրոսյանն արդեն թագավոր չէր, բայց նախագահ էլ չէր։ Այդ ձախողման պատճառով 98-ին ժողովուրդը նորից փորձեց թագավոր ընտրել՝ Կարեն Դեմիրճյանին։ Հիմա, կարծում եմ, Տեր-Պետրոսյանի վերադարձի գլխավոր պատճառներից մեկն ընտրական ժողովրդավարական մեխանիզմը վերջապես ներդնելն էր։ Մարդիկ մինչ օրս էլ թագավոր են ուզում: Թագավորին պետք է հեռացնել մեր մտակերտվածքից եւ տեղը դնել ընտրյալ նախագահին։ Ես, օրինակ, երազում եմ ապրել սովորական կառավարչի իշխանության պայմաններում, ում ով լինելն ինձ չի հետաքրքրի։ Կիմանամ, որ կա մեծամասնության քվեով ընտրված մեկը, որի վարքն ու գործունեությունն ըստ պատշաճի վերահսկվում է։ Ինչպե՞ս հասնել նրան, որ ժողովուրդը դադարի թագավոր ուզել, ուզի նախագահ: Դրա համար գործիքներ են պետք։ Ցավոք, այդ գործիքները չկան եւ չկա գիտակցություն, որ դրանք նվաճելու համար պետք է համախմբվել՝ մի կողմ դնելով քաղաքական հայացքները։ Տեղեկատվության ազատությունը բոլորիս է անհրաժեշտ, իսկ դրա բացակայությունը նվաստացնում է, չէ՞։ Կարելի՞ է համախմբվել այդ հարցի շուրջ։ Ինչո՞ւ եմ հատկապես սա նշում, որովհետև մեր բոլոր գաղափարները, մտքերը, հղացումներն անիմաստ են, եթե չեն հասնում մարդկանց։ Պատկերացնո՞ւմ եք, ինչպիսի փոփոխություններ կլինեին, եթե, ասենք, Լրագրի համար Ձեր արած հարցազրույցներն ամբողջ Հանրապետությունում սփռվեին հեռուստատեսությամբ։ Կոնգրեսը, Ձեր կարծիքով, թերացումներ չունի՞: Հիասթափությունը, գիտեք, գալիս է Կոնգրեսի դերը բացարձակացնելուց։ ՀԱԿ-ն ընդամենը բաժանարար է. մի կողմում իշխանությունն է, մյուս կողմում ժողովուրդը։ Ժողովուրդը չի կարող այս բաժանարարն անցնել, իսկ իշխանությունը, չնայած ՀԱԿ-ի բազմաթիվ առաջարկներին՝ չի ուզում։ Ժողովուրդը սպառվել չի կարող, ժողովրդի համբերությունը կարող է սպառվել։ Հրանտ Տեր-Աբրահամյանն ասում է` ժամանակն է քաղաքականը մի կողմ դնելու, հիմա ժամանակն է մտքերի, որովհետև ի վերջո քաղաքականի ֆունդամենտը միտքն է: Իհարկե միտքն է, իհարկե։ Մտքերի անհրաժեշտություն միշտ կա, բայց, նորից եմ կրկնում, երբ տանը հրդեհ է, առաջին հերթին պարտավոր ենք հրդեհը մարել: Բայց արդյո՞ք հիմա հրդեհը մարած չի: Հրդեհն ավազակապետական կառույցն է, որը դեռ կա։ Հրդեհը հանգցնենք, հետո կքննարկենք ինչ ենք կառուցում և ինչպես։ Մի մոլորություն կա, երբ ասվում է իշխանափոխություն, բոլորն անպայման պատկերացնում են Կոնգրեսի անմիջապես իշխանության գալը։ Իշխանափոխություն ասելով՝ ես առաջին հերթին հասկանում եմ ընտրություն, ընտրության ազատ հնարավորություն, եւ եթե մարքսիստ Դավիթ Հակոբյանին ընտրի ժողովուրդը, կապրենք նրա առաջարկած մոդելով։ Այսինքն՝ ինչ որ երրորդ ուժե՞ր։ Մարքսիստի մասին ասածս, իհարկե, կատակ էր։ Ես հույս չեմ կապում երրրորդ ուժի հետ, որովհետեւ երրորդ ուժ չի կարող լինել։ Ներքաղաքական այս կոնֆլիկտի հիմքում ղարաբաղյան հակամարտությունն է: Քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հակամարտությունը, Հայաստանում չի փոխվելու ուժերի դասավորությունը։ Ասպարեզում միշտ լինելու են հակամարտության գլխավոր խաղացողները։ Երբ 2007-ի նոյեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ գալու է երեք տարով, պատասխան հնչեց` հա, գալիս է երեք տարում Ղարաբաղը տա, գնա: Գռեհիկ պատասխան էր, բայց խորքում ճիշտ բան կար։ Սերժ Սարգսյանն էլ, Ռոբերտ Քոչարյանն էլ շատ լավ գիտակցում են, որ Հայաստանի ներքաղաքական խնդիրները լուծվելու են միայն ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո և փորձել ու փորձելու են ձգձգել խնդրի կարգավորումը: Այս տեսակի իշխանությունը կառուցված է հակամարտության վրա, եւ մենք հակամարտության գերիներն ենք: Մի այլ առիթով էլ Տեր-Պետրոսյանն ասում էր՝ թող Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ես իմ թեկնածությունը չեմ առաջադրի։ Ասում էր ու միաժամանակ պայման դնում՝ չեմ առաջադրի, եթե չառաջադրի Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն՝ առաջարկում էր դաշտը մաքրել ղարաբաղյան հակամարտության խաղացողներից։ Բայց տեսակետներ են հնչում, թե Տեր-Պետրոսյանն ու իշխանությունները Ղարաբաղի հարցում տարակարծիք չեն։ Նման բան չկա՝ Տեր–Պետրոսյանն ուզում է լուծել խնդիրը (դա ոչ մի կապ չունի տարածքներ հանձնելու կամ չհանձնելու հետ), իսկ Քոչարյան-Սարգսյան զույգը ձգտում է հնարավորին չափ երկարաձգել՝ դրանում տեսնելով քրեաօլիգարխիկ համակարգի երկարակեցությունը։ Ասում եք՝ լուծել Ղարաբաղի հարցը, միաժամանակ ակնարկելով, թե դա կապ չունի տարածքներ հանձնել-չհանձնելու հետ։ Տարածքներ հանձնել-չհանձնելն աշխարհաքաղաքական հարց է, իսկ կարգավորման ընթացքն ամբողջությամբ ուրիշների ձեռքը չտալը մեր գործն է։ Որքան ուժեղ և ինքնավստահ լինի Հայաստանի իշխանությունը, որքան ձերբազատված լինի միջազգային գլխավոր խաղացողների համար խորթ քրեաֆեոդալական տարրերից, այնքան ավելի մեծ կլինի Հայաստանի դերը կարգավորման գործընթացում։ Եվ այդ չափով ավելի ինքնուրույն կլինի Ղարաբաղը։ Հիմա, ասեք, ո՞վ կհավատա, որ ժողովրդին ծնկի բերող իշխանությունը չի կարողանալու հնազանդեցնել Ղարաբաղի քաղաքական եւ զինվորական խավերին։ Ի՞նչ կառաջարկեք ստեղծված իրավիճակում: Առաջարկում եմ հասկանալ, որ այսօր կա երկու բևեռ։ Մեկին՝ իշխանությանը, ոչ ոք չի վստահում, ընդդիմությանն էլ աջուձախ քննադատում ենք: Անուշ Սեդրակյանը Լրագրին տված վերջին հարցազրույցում ասում էր` իշխանություն չկա, դրա համար էլ ընդդիմություն չկա։ Համաձայն եմ, մյուս կողմից, սակայն, որ նայում ես՝ իշխանությունը չկա, որովհետև ուժեղ ընդդիմություն կա։ Ընդդիմության “սրտացավ” քննադատներին առաջարկում եմ անցնել իշխանության կողմը, ուժեղացնել իշխանությանը, դրանից ընդդիմությունը կշահի, որովհետև հավասարակշռություն կառաջանա։ Իսկ եթե չեն ուզում անցնել գծից անդին, թող միանան ընդդիմությանն ու օգնեն մոտենալ արտահերթ ընտրություններին: ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
|