|
Սերժ Սարգսյանի եւ քաղաքական կուսակցությունների խորհրդակցությունը, որը սեպտեմբերի 17-ին տեղի ունեցավ Երեւանում եւ տեւեց մոտ 5 ժամ, չի փարատել Դաշնակցության մտահոգությունը հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ: Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացը եղել է հենց խորհրդակցության թեման: «Պարզ դարձավ հետեւյալը, որ հիմնական փոփոխությունների փուլը նախատեսվում է վավերացման փուլում, այսպես ասած: Եվ սա նշանակում է, որ եթե տեսակետներ կան, որոնք կարեւոր են եւ լուրջ են, դա նկատի պետք է առնի բանակցող կողմը եւ իր հայեցողությամբ կամ կորոշի դրանք պաշտպանել, կամ ոչ», հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ի պատասխան հարցի, թե գոհացնում է արդյոք դա Դաշնակցությանը, պատասխանելով. «Ոչ իհարկե: Բացարձակ: Դա մեր համար անընդունելի է»: «Իրենք չասացին ինչը կմտնի, ինչը չի մտնի, բայց ես հասկացա, որ ուղղակի, հարցը դրված է այսպես՝ կամ ստորագրում եք այն, ինչ որ կա, կամ չեք ստորագրում: Սա մեր համար ուղղակի անընդունելի է», ասում է Արմեն Ռուստամյանը: Նա տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում Դաշնակցությունը ներկայացրել է իր բոլոր մտահոգությունները թե գործընթացի, թե արձանագրությունների կապակցությամբ, ասելով, որ այդ տեսքով մենք գործընթացը տանում ենք Թուրքիային ձեռնտու եւ մեզ համար վտանգավոր հունով: «Ես կարծում եմ, որ քննարկման արդյունքում որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, մտահոգությունների իմաստով արձանագրվեց նախագահի մոտ: Ես հուսով եմ: Որովհետեւ բացի մեզ, էլի փառք Աստծո կային քաղաքական ուժեր, որ այդ մտահոգություններ ունեին, այս կամ այն կերպ արտահայտում էին», հայտարարել է Արմեն Ռուստամյանը: Բայց, արձագանքելով մտահոգություններին, Սերժ Սարգսյանն այդուհանդերձ եղել է իր կարծիքին, որ արձանագրություններում վտանգ չկա: «Եթե հետեւենք այն տրամաբանությանը, որ այսօր առկա է, այսինքն որ հիմնական փոփոխությունների ակնկալիք ունենք միայն վավերացման փուլում, ուրեմն շատ լուրջ բան այստեղ ակնկալել հնարավոր չէ: Սակայն, ես կարծում եմ, որ Թուրքիան, կարող է հենց ինքը, որովհետեւ դրանից են շատ խուսափում մեր հայկական կողմի բանակցողները, որ մենք չանենք առաջարկություններ, որովհետեւ կարող է թուրքերն էլ առաջարկություններ անել, հա բայց դուք առաջարկություններ պետք է ունենաք միշտ, որովհետեւ չի բացառվում, որ թուրքերը հենց առաջարկություններով էլ հանդես գան: Ես կարծում եմ, որ եթե այդպիսի իրավիճակ առաջանա, ամենայն հավանականությամբ, այսօր, այդ առաջարկություններն անելու համար շատ հարուստ նյութ այդուամենայնիվ տրվեց նախագահին», ասում է Արմեն Ռուստամյանը: Նա ասում է, որ Սերժ Սարգսյանը կատարել է որոշ ամփոփում, որտեղ կիսել է այդ մտահոգությունները, սակայն ավելացրել, որ այդուհանդերձ այն կարծիքին է, որ արձանագրություններն այդ տեսքով վտանգ չեն պարունակում Հայաստանի համար: «Մեր համար հենց սա է, որ ընդունելի չէ», ասում է Արմեն Ռուստամյանը: Նա նշում է, թե իր տպավորությամբ, Սերժ Սարգսյանը պատրաստ է ստորագրել արձանագրությունները: «Այո, իրենք պատրաստ են ստորագրել: Մտահոգությունները հասկանալով, բայց իրենց ասածն այն է, որ պայքարը կշարունակվի, մենք մեր ուժերի վրա վստահ ենք, որ այդ մտահոգությունները, որ գոյություն ունեն, մենք ժամանակի ընթացքում մեր աշխատանքով այդ մտահոգությունները կչեզոքացնենք: Այսինքն այստեղ հարց է առաջանալու, ով ավելի այդ փաստաթղթից կփորձի օգտվել, ով ավելի ընդունակ ու կարող կլինի սա օգտագործել», իր տպավորության մասին է ասում Արմեն Ռուստամյանը:
|