Lragir.am - Armenian Online

 Ուրբաթ, 3 Սեպտեմբերի, 2010 

Fixed block for menu and search

Lragir.am Search

Search

 

 

 

 

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԶՈՀԸ. ՅԱՆՈՒԿՈՎԻՉ

Ուկրաինայի նախագահի ընտրությունը թերեւս կարելի է օրինակելի համարել հետխորհրդային տարածքի երկրների համար: Գուցե ավելի օրինակելի են մերձբալթյան երկրները, բայց դրանք հարաբերականորեն կարելի է համարել հետխորհրդային տարածք, որովհետեւ նույնիսկ խորհրդային տարիներին այդ երկրների հասարակությունները, գոնե մտովի, չեն դավաճանել իրենց արժեքներին:
 
Այլ է մնացյալ հանրապետությունների պարագան, եվ Ուկրաինան այդ առումով բավական լավ օրինակ է մյուս հանրապետությունների, մյուս պետությունների համար: Անկախ այն բանից, թե ինչպիսին էին թեկնածուները, ինչ կենսագրություն եւ նկարագիր ունեին, փաստը, որ իշխանությունը պարտվեց, եւ քաղաքացիները քվեարկությամբ փոխում են երկրի նախագահին, ինքնին ուսանելի է, առնվազն մեթոդաբանության, ձեւի առումով:
 
Ինչ վերաբերում է արդյունքին, ապա ընտրության արդյունքը հետաքրքրական է ոչ թե նրանով, թե ով հաղթեց կամ պարտվեց, այլ նրանով, որ հաղթողը փաստորեն չկարողացավ հավաքել 50 տոկոս ձայն: Ավելին, Յանուկովիչի եւ Տիմոշենկոյի ձայների տարբերությունը մոտ 3 տոկոս է: Այսինքն, Ուկրաինան շարունակում է մնալ փաստացի կիսված վիճակում, իսկ դա նշանակում է, որ խոսքը ոչ թե երկրի, այլ երկրի կեսի նախագահի մասին է: Դա նշանակում է, որ Յանուկովիչը Ուկրաինայի նախագահը չէ, այլ միայն դրա կեսի: Իսկ թե ով է մյուս կեսի նախագահը, այդքան էլ էական չէ այս պահին:
 
Էականը թերեւս այն է, որ նարնջագույն հեղափոխությունից հետո Յանուկովիչի “երջանիկ” վիճակն ավարտվեց, եւ Յուշչենկոյից ու Տիմոշենկոյից հետո հասավ նաեւ հեղափոխության “զոհասեղանին” մոտենալու նրա հերթը: Թվում է, թե Յանուկովիչը հեղափոխության հենց առաջին զոհն էր, երբ նախագահի ընտրությանը նրա հաղթանակը 2004 թվականին չեղյալ համարվեց հենց նարնջագույնի ճնշման տակ: Բայց թերեւս դա թվացյալ իրողություն էր: Իրականում Յանուկովիչը նոր է միայն դառնալու հեղափոխության “զոհ”:
 
Նա նոր միայն պիտի փորձի դառնալ Ուկրաինայի նախագահ, ինչը փորձեցին, բայց չկարողացան անել Յուշչենկոն ու Տիմոշենկոն: Մեծ է հավանականությունը, որ Յանուկովիչին էլ դա չի հաջողվելու, քանի որ Ուկրաինան շարունակում է լինել բարդ տնտեսա-քաղաքական իրավիճակում: Բայց խնդիրն այն է, որ այդ ամենը խոսում է Ուկրաինայում ընթացող “որոնողական” ակտիվ աշխատանքի մասին: Այսինքն, մենաշնորհված չէ երկիրը “փրկելու” իրավունքը եւ սխալվողն անմիջապես զիջում է տեղը: Այսինքն, կա, թեկուզ քիչ թե շատ, բայց հասարակության առաջ այդուամենայնիվ գործող պատասխանատվության մեխանիզմ:


 

 

Բաժնի նյութերը