|
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը մկնախաղ է: Հայաստանի կողմից համարժեք քաղաքականության բացակայության խնդիր կա: Զուգահեռաբար ընթացող երկու գործընթացներում` հայ-թուրքական հարաբերություններ և Ղարաբաղի խնդիր, մեր դիրքերը թուլանում են: Երբ նախաձեռնվում էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, Հայաստանը դրա շարունակականության վերաբերյալ որևէ պատկերացում չուներ: Դա պարզապես օդում կրակոցի նման մի քայլ էր, որը հանգեցրեց մի իրավիճակի, որում անցանկալի կերպով ակտիվացավ Ղարաբաղի հարցը: Եթե մինչև հայ-թուրքական գործընթացի սկիզբը երկու երկրների հարաբերությունները սառեցված կամ չեզոք էին, ապա գործընթացի ձախողման դեպքում ձեռք կբերենք լրացուցիչ շատ ակտիվ հակառակորդ և թշնամի: Թուրքիան երբեք իր գործողություններով բարյացակամություն չի դրսևորել Հայաստանի հանդեպ, և ձախողման դեպքում Թուրքիան կակտիվացնի իր հակահայկական գործողությունները տարածաշրջանում, ասել է Արման Մելիքյանը: “Ուզում եմ հիշեցնել, որ 100 տարի առաջ ստվար հայություն էր ապրում Կոստանդնուպոլսից մինչև Բաքու: Այսօր մի փոքրիկ սեպ է մնացել հայաբնակ: Այս իրավիճակը ստեղծվել է քաղաքական մտածողության բացակայության հետևանքով: Հիմա ժամանակն է սթափվելու: Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենք պատասխանատվություն են ստանձնել, իրականում իմ տպավորությամբ պատրաստ չեն այս գործընթացներին: Հայաստանն այնպես տարավ գործընթացը, որը միտված չէր հարաբերությունների կարգավորմանը, այլ հախուռն գրոհի փորձ էր, որի պատճառով մոտ ապագայում անհնար կլինի կարգավորել հարաբերությունները”, ասել է Արման Մելիքյանը: Նրա կարծիքով, այսօր գոյություն ունի դեպքերի զարգացման մի քանի սցենար: Հանարավոր է նաև հայ-թուրքական ուղղակի բանակցություններ: Հայաստանը կարող է հաջողությունների հասնել, եթե փոխի իր աշխարհաքաղաքական ֆունկցիան` թուրքական աշխարհին զսպելու, անջրպետելու դերը: Հայաստանն իր այդ դերը արդեն 1 դար է կատարում է զգալի կորուստների գնով: Եթե ԱՄՆ-ն շարունակի ճնշում գործադրել Թուրքիայի վրա, հնարավոր է ստեղծվի ռուս-թուրքական դաշինք: Դրա հետևանքով էլ կարող ենք կորցնել Արցախը և ազատագրված տարածքները, նշել է Մելիքյանը: Նա մեծ է համարել պատերազմի հավանականությունը Ղարաբաղի հարցում: “Պետք է ցանկացած պահի պատրաստ լինել պատերազմական գործողությունների վերսկսմանը: Ճիշտ է, դրա հավանականությունը ավելին չէ, քան 5 տարի առաջ, բայց 5 տարի առաջ էլ այն բավական բարձր էր”, ասել է Արման Մելիքյանը:
|