|
Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում մարտի 10-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Սենատի նախագահի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, տարածաշրջանային խնդիրների եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Փարիզում Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի Ազգային Ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հետ: Սերժ Սարգսյանն ու Բեռնար Ակուայեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, անդրադարձել տարբեր բնագավառներում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու հեռանկարներին, ասվում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության մեջ:
|