ՎԵՐՋԱՊԵՍ ՈՐՆ Է ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԴԵՐԸ

Ամենայն հայոց կաթողիկոսը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր եկեղեցու գմբեթի խաչ է օծելու: Այցից մի քանի օր առաջ Թբիլիսիում փլվեց հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին: Թվում է, որ տրամաբանական կլիներ, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը գնար ոչ թե Մոսկվա, այլ հենց Թբիլիսի, քանի դեռ այնտեղ կան կանգուն եւս մի քանի հայկական եկեղեցիներ: Մոսկվայի եկեղեցու գմբեթի խաչը թերեւս առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի էլ կարող էր օծվել: Բայց Մոսկվա այցելելը հաճելի է: Այնտեղ մեծաթիվ, եւ թերեւս ինչն առավել կարեւոր եւ էական է՝ մեծահարուստ հայ համայնք կա, այնտեղ եկեղեցիները չեն քանդվում, այլ շինվում են, ու պետք է ընդամենը օծել եւ օգտվել հյուրասիրությունից եւ պատվից, որ մեծահարուստ հայ համայնքը անկասկած կցուցաբերի Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ: Իսկ Թբիլիսիում խնդիրներ կան, որոնք ունեն լուծման կարիք: Այսինքն այնտեղ այցելելը աշխատանք է պահանջում, պահանջում է ջանք՝ ի պաշտպանություն հայկական եկեղեցիների:
 
Թերեւս այդ ջանքի, ոչ թե Վրաստանի իշխանության հգոտարության բացակայության պատճառով փլվեց Սուրբ Գեւորգ եկեղեցին: Վրաստանի իշխանությունը հոգատար չէ, ու չի էլ լինի: Եթե մենք հայտարարում ենք, որ այդ եկեղեցիները մերն են, ապա էլ ինչու ենք դժգոհում մեր ապրանքի հանդեպ օտարի անտարբերությունից: Չէ որ դա մեր ապրանքն է, մենք պետք է հոգատար եւ ուշադիր լինենք դրա հանդեպ եւ պետք է ջանք գործադրենք այն պաշտպանելու համար: Ինչ ջանք է գործադրել Հայ Առաքելական եկեղեցին եւ նրա առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նման դեպքերում սովորաբար ասում են, թե իրականում եկեղեցին ու Կաթողիկոսը աշխատում են, աշխատում են լուռ եւ համառ, բայց մենք չիմանալով այդ մասին, անտեղի եւ անհիմն քննադատում ենք նրանց: Մի կողմից զարմանալի է, որ այդ աշխատանքի մասին տեղեկատվությունը սովորաբար պահվում է չգիտես ինչու գաղտնի, իսկ ահա եկեղեցի օծելու այցերի եւ արարողությունների մասին տեղեկատվության օպերատիվությունը կարող է մրցակցել անգամ համաշխարհային հայտնի տեղեկատվական գործակալությունների օպերատիվության հետ: Ինչու եկեղեցին չի ցանկանում, որ իր եւ Կաթողիկոսի ջանքերը, որոնք ուղղված են օրինակ Վրաստանի հայկական եկեղեցիների պաշտպանությանը, դառնան հայտնի:
 
Սովորաբար այդպիսի դեպքերում ասում են, թե հայտնի լինելու պարագայում դրանց արդյունավետությունը կնվազի: Կարծես եկեղեցին Ղարաբաղի խնդիր է լուծում ու դրա համար պետք է բանակցային գաղտնիություն պահել: Երեւի ավելի արդյունավետ է, երբ բանակցությունը ընթանում է գաղտնի, իսկ եկեղեցիները բացահայտ փլվում են: Հետեւաբար, կամ իրականում ոչ մի բանակցություն էլ չկա եւ գաղտնիությունը, կամ փակ լինելն ընդամենը ոչինչ չլինելը սքողելու համար է, կամ եթե այդ փակ եւ ոչ հրապարակային ջանքը գործադրվում է, այն ոչ մի բանի պետք չէ, քանի որ հայկական եկեղեցիները միեւնույն է փլվում են: Իսկ գուցե դրանց կանգուն մնալուն ավելի նպաստեր այն, որ փակ կամ ոչ հրապարակային “ջանքերի” փոխարեն Ամենայն Հայոց Կաթողիկոսը վեր կենար ու մի օր բացահայտ գնար Թբիլիսի, իր հոտի վիրահայ անդամներին այցելության եւ այնտեղ փորձեր հրապարակավ հանդես գալ հայկական հուշարձանների պաշտպանությամբ:
 
Ընդհանրապես, առկա իրադրությունը կարծես թե բավական սրությամբ հիշեցնում է մի հարց՝ ընդհանրապես որն է Ամենայն հայոց Հովվապետի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նշանակությունը, դերը, գործառույթն ազգային կյանքում: Նա ընդամենը խորհրդանշական մի անձ է, որին միայն պետք է հարգել ու պատվե՞լ, եւ որից ոչինչ չի կարելի պահանջել, հոգեւոր խոսքից եւ օրհնանքից բացի, թե՞ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարդ է, որը հոգեւոր նշանակությունից ու դերից բացի պետք է աշխուժորեն մասնակցի ազգային կյանքին վերաբերող խնդիրների եւ երեւույթների քննարկմանը: Եթե Կաթողիկոսը միայն խորհրդանիշ է, Սրբության Սրբոց, ապա գուցե նա ընդհանրապես պետք է Էջմիածնի իր նստավայրից դուրս չգա՝ թե եկեղեցիներ օծելու, թե եկեղեցիներ փրկելու գործից մնալով անմասն եւ մտածելով միայն հոգիներ փրկելու մասին: Իսկ եթե Կաթողիկոսը մարդ է, որն ընտրվում է մարդկանց ընտրությամբ, ով մարդկանց ծառայելու առաքելություն ունի, ով շնորհավորանքներ է ստանում մարդկանցից, պետք է պատրաստ լինի նաեւ մարդկանց հետ եւ մարդկանց համար քննարկել համազգային խնդիրներ եւ որոնել դրանց լուծումները:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ