|
Փետրվարի 4-ին հանրությանը ներկայացնելով հեռուստաեթերից էրոտիկան, բռնությունը, սարսափը եւ երիտասարդ սերնդի մտավոր ու ֆիզիկական զարգացումը խոչընդոտող արտադրանքը դուրս մղելու համար մշակված չափորոշիչները, Հեռուստատեսության եւ Ռադիոյի Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը հայտարարել է. “Մենք մտածել ենք հետևյալը` որպես հայեր, որպես ծնողներ եթերում ինչին ենք դեմ և հաղորդումների և կամ ֆիլմերի մեջ որ դրվագները չէինք ցանկանա մեր երեխան դիտեր”: Այդ հայտարարությունը բավական հետաքրքրական է: Բանն այն է, որ հարց է առաջանում, թե արդյոք այն մարդիկ, որոնք ինչ որ ձեւով համաձայն չեն հանձնաժողովի ներկայացուցիչների չափորոշիչներին, հայ չեն կամ ծնող չեն: Որտեղից է Գրիգոր Ամալյանն ու նրա ղեկավարած հանձնաժողովը սահմանել, որ հենց իրենց չափորոշիչներն են համապատասխանում հայի կամ ծնողի մտածողությանը: Ընդհանրապես, ով է սահմանել այդ մտածողությունը: Ով է որոշել մտածողության այն սահմանը, որով պայմանավորվում կամ որոշվում է մարդու ազգությունը: Այդ դեպքում գուցե որեւէ մեկին ազգություն շնորհելուց առաջ պետք է թեստ անցկացնել, մի քանի տասնյակ հարցերից բաղկացած: Նկատելի է, որ Հայաստանի իշխող վերնախավի մատուցմամբ, պետական կամ ազգային նշանակության գործերի գնահատման չափորոշիչ է սահմանվում հայությունը, այսպես ասած` հայ լինելը: Այսինքն, եթե վերնախավը որեւէ մի գործ է ձեռնարկում, ապա անմիջապես հռչակում է, որ դա այն գործն է, որը վայել է հային, որը կաներ հայ մարդը, որը բխում է հայ մարդու նկարագրից, եւ այլն, եւ այլն: Ու ամեն ոք, ով համաձայն չէ այդ գործին, ով դեմ է այդ գործին, ով կարծում է, որ գործը սխալ է եւ չի նպաստում հասարակության իրական առողջացմանն ու զարգացմանը, ինքնաբերաբար դառնում է “ոչ հայ”, կամ հակահայ: Օրինակ, երբ գլխավոր դատախազը իր բուն գործը թողած զբաղվում էր ծառատունկով կամ շուրջպարով, հայտարարում էր, որ նա դա անում է հանուն ազգային միասնության: Այդպիսով, ով հանկարծ ասում էր, որ երկրում գլխավոր դատախազն իր գործն ունի եւ հատկապես Հայաստանի պարագայում այդ գործն այնքան շատ է, որ դատախազը հասարակական գործերի ժամանակ չպիտի ունենա, միանգամից դառնում էր ազգային միասնության հակառակորդ, ապազգային տարր, որը չի ցանկանում հայության միասնականությունը: Եթե մի քանի տարի առաջ այդ մոտեցումը կիրառվում էր այդօրինակ առանձին նախաձեռնությունների տեսքով, ապա այժմ դա կարծես թե վերնախավի մարտավարական զինանոցի առանցքային տարր է, ու ամեն ինչ չափվում է ազգի նկարագրի, հայի կերպարի եւ այդօրինակ այլ սահմանումների չափով: Կարեւոր չէ, թե որեւէ մեկին հստակ ներկայացված չէ, թե ով է հայը, մինչեւ որտեղ է հայը, որտեղից է հայը դադարում հայ լինել, ինչու, ում որոշմամբ: Կարեւորը, որ ինչ որ բան անելիս հռչակես, որ դա այն է, ինչ կաներ հայը: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ
|