Կարեն Կարապետյանի անսպասելի դաշնակիցները

    • Մեկնաբանություն - 15 Փետրվարի 2017, 22:05
«Մինչև 2018 թվականը շուրջ երկու տարի ժամանակ ունենք, և եթե այդ թվաբանությունը մենք կատարենք՝ օրենքի կետին և տողին համապատասխան, ինձ թվում է, որ այդ խնդիրն արդեն կարգավորված կլինի, և նման խնդիր մենք չենք ունենա», Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի Հայաստանում վերջին չորս տարում մշտական բնակության խնդրին:

Դրա պատճառով Կարեն Կարապետյանը չընդգրկվեց ՀՀԿ ցուցակում, ինչը սակայն Կարապետյանի համար թերեւս առավել դրական, քան բացասական զարգացում էր: Բայց բացասական նրա համար կարող է լինել այն, որ այդ խնդիրը նրան կարող է խանգարել 2018 թվականի ապրիլից հետո, երբ նույն պահանջը ներկայացվում է արդեն վարչապետին՝ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունը դադարեցնելու առիթով կառավարության լուծարման եւ նորի ձեւավորման գործընթացում:

Այդ պահանջին չհամապատասխանելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող է զրկվել 2018-ի ապրիլից հետո վարչապետ առաջադրվելու հնարավորությունից: Բայց Վահրամ Բաղդասարյանը հայտարարում է, որ խնդիրը լուծելի է, եւ մինչեւ 2018 թվականի ապրիլ Կարապետյանի համար արդեն բավարար կլինի այն օրերի քանակը, որ անհրաժեշտ է քառամյա մշտական բնակության պահանջին համապատասխանելու համար:

Այսինքն, հարցն այլեւս կտեղափոխվի օրերի հաշվարկի դաշտ, իսկ այստեղ իհարկե իրավիճակը կարող է դառնալ առաձգական, ի տարբերություն տարիների: Անկասկած է, որ այն եւս կառաջացնի մեծ աղմուկ, քանի որ արդեն իսկ մամուլում ներկայացնում են հաշվարկներ, որ անգամ 2018 թվականի ապրիլին Կարապետյանին չի բավարարի հարյուրից ավելի օր: Բայց մի բան է հաշվարկը այժմ, մեկ այլ բան կլինի արդեն ապրիլին: Առավել եւս, որ այդ ժամանակ ընտրության խնդիր չկա, եւ ամեն ինչ լուծվելու է միայն խորհրդարանի շրջանակում:

Այսինքն, իրադարձությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող գործոնները կլինեն արդեն իշխող համակարգում, իշխանության ներսում, ՀՀԿ-ում: Այդ առումով Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունն արդեն իսկ ուրվագծում է հետաքրքիր նրբերանգներ:

Հազիվ թե Բաղդասարյանն «ինքնագլուխ» հայտարարեր այն մասին, թե կան մասնագետներ, որոնք զբաղվում են Կարեն Կարապետյանի 2018-ի ցենզի խնդրով: ՀՀԿ շրջանակում այդ հարցը թերեւս քննարկվել է, եւ տրվել են ընդհանուրին ուղղված բացատրություններ:

Բայց, միեւնույն ժամանակ, ՀՀԿ-ում անկասկած լավ են պատկերացնում, որ 2018-ի համատեքստում եթե կա Կարեն Կարապետյանի բաց խաղաքարտը, ապա գոյություն ունի նաեւ որոշակիորեն քողարկված՝ պաշտպանական «կամուֆլյաժի» տակ քողարկված փակ խաղաքարտ՝ Վիգեն Սարգսյանը:

Նա Սերժ Սարգսյանի փակ խաղաքարտն է, թեեւ գուցե արդեն կիսաբացը, նկատի ունենալով ոչ միայն այն, որ Վիգեն Սարգսյանը գլխավորում է ՀՀԿ համամասնական ցուցակը: Վիգեն Սարգսյանը իր հնարավոր վարչապետության հարցին ուշագրավ պատասխան էր տվել պաշտպանության նախարարի պաշտոնում իր աշխատանքի 100 օրն ամփոփող ասուլիսում: Նա հայտարարել էր, որ այդքան էլ ճիշտ չի համարում մի պաշտոնում կարճ նշանակումից հետո լինել վարչապետի պաշտոնում:

Այլ կերպ ասած, Վիգեն Սարգսյանը ոչ այնքան բացառում էր վարչապետ լինելու հավանականությունը, որքան ակնարկում, որ պարզապես դեռ դրա ժամանակը չէ:

Ժամանակն ըստ երեւույթին կորոշի Սերժ Սարգսյանը, երբ լիովին կորոշակիացնի իր հետնախագահական ծրագրերը: Եթե Սարգսյանը չցանկանա կամ չկարողանա մնալ վարչապետ, ապա 2018 թվականից հետո վարչապետի ավելի հավանական թեկնածու կլինի հենց Վիգեն Սարգսյանը: Եթե Սերժ Սարգսյանն այդուհանդերձ որոշի եւ կարողանա լուծել վարչապետի պաշտոնում շարունակելու հարցը, ապա այդ դեպքում հավանական է, որ Վիգեն Սարգսյանը 2017 թվականի ընթացքում կհայտնվի այսպես ասած միջանկյալ վարչապետի դերում, եւ այդպիսով Սերժ Սարգսյանը կփորձի Կարեն Կարապետյանի համար հնարավորինս զրկել ժամանակից:

Բանն այն է, որ Կարապետյանի կառավարության որոշակի արդյունավետությունը պետք է նաեւ Սերժ Սարգսյանին: Բայց առավելապես ընտրական շրջանում, առավելագույնը մինչեւ 2017-ի մայիս, որպեսզի այդ ալիքի վրա հնարավոր լինի անցկացնել նաեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունը: Դրանից հետո Սերժ Սարգսյանի համար այսպես, թե այնպես Կարեն Կարապետյանի արդյունավետությունը կհանդիսանա խնդիր՝ կամ իր համար լիովին վստահելի Վիգեն Սարգսյանին իշխանությունը փոխանցելու առումով, կամ նախագահի պաշտոնից հետո վարչապետի պաշտոնին անձամբ հայտնվելու տեսանկյունից:

Կարեն Կարապետյանի համար էլ արդյունավետությունը կարեւոր է դառնում դիմադրունակություն ձեռք բերելու տեսանկյունից, որպեսզի Սերժ Սարգսյանը չունենա իր պաշտոնանկության հարցը դնելու հիմք:

Միեւնույն ժամանակ, անկասկած է, որ Հայաստանի տնտեսության եւ համակարգային քաղաքականության վիճակն այնպիսին է, որ շատ դժվար է մի քանի ամիսների ընթացքում հասնել շոշափելի արդյունքի, առավել եւս չունենալով լուրջ քաղաքական հենարան իշխանության մեջ: Հանրային լուրջ հենարան ձեւավորելուն էլ կխոչընդոտի հենց այն, որ հնարավոր չէ կարճ ժամանակում հասնել այնպիսի շոշափելի արդյունքի, որը կբերի հասարակական մեծ աջակցության:

Այդ դեպքում Կարեն Կարապետյանին կմնա պարզապես դուրս գալ ներիշխանական բաց մարտի, իշխանությունից զրկվելուց հետո բռունցքները չթափահարելու համար:

Ընդ որում, Կարապետյանը համենայն դեպս առայժմ կարծես թե ստացել է այդպիսի քարտ-բլանշ, իհարկե ոչ այնքան հանրությունից, որքան աշխարհքաղաքական կենտրոններից: Դա ծանրակշիռ քարտ-բլանշ է, որի հետ իհարկե թե Սերժ Սարգսյանը, թե իշխող համակարգը չի կարող հաշվի չնստել:

Եվ այդ իմաստով, Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը տողատակում շոշափում է նաեւ համակարգի այդ տրամադրությունները: Բանն այն է, որ իշխող համակարգի համար թերեւս առավել նախընտրելի է հետագա խաղի կանոնները քննարկել Կարեն Կարապետյանի հետ, քան Սերժ Սարգսյանի տեղապահ Վիգեն Սարգսյանի: Եթե իհարկե Սերժ Սարգսյանը չի մնում: Եթե նա մնա, ապա համակարգը աշխատելու է առավելապես Կարեն Կարապետյանի դեմ: Եթե նա չի մնում, ապա հավանական է, որ Կարապետյանը իշխող համակարգում ձեռք բերի դաշնակիցներ, անգամ այն շրջանակում, որի շահերը անխուսափելիորեն պետք է նեղացնի արդյունավետ պաշտոնավարման համար:

Այդ շերտերը միեւնույն է կորցնելու են, այլեւս ցանկացած դասավորության դեպքում, եւ վճռորոշը կլինի արդեն այն, թե նրանք ում ազնիվ խոսքին կհավատան՝ Սերժ Սարգսյանի, թե Կարեն Կարապետյանի:

Ամենաընթերցվածը