Տարօրինակ հայտարարություն Ստեփանակերտից

    • Մեկնաբանություն - 16 Փետրվարի 2017, 11:14
Պատասխանելով news.am-ին, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ Եվրոպան կհատուցի բլոգեր Լապշինի գործի հանդեպ անտարբերության համար:

«Լապշինի կալանավորման ու արտահանձնման ամբողջ գործընթացը իրականացվում էր միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով։ Իսկ եվրոպական կառույցները փակում են աչքերը այդ ամենի վրա։ Ցավոք, կոռուպցիան ներթափանցել է շատ կառույցներ։ Նման անտարբերությունը ոչ մի լավ բանի չի բերի։ Այսօր դա Ադրբեջանի ապօրինի գործողություններն են մի մարդու հանդեպ, վաղը կարող է մեկ այլ հարց լինել։ Վերաձեւակերպելով ռուսական ասացվածքը ՝ կարելի է իրավիճակը այսպես բնութագրել «Միայն հացով ու խավիարով չի մարդն ապրում»։ Եվրոպան լավ կաներ՝ չմոռանար սկզբունքների մասին», ասել է Դավիթ Բաբայանը։

Ընդամենը մի քանի օր առաջ Եվրոպայում ներկայացվել է Ադրբեջանի հանցագործությունների մասին Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի զեկույցը: Զեկույցը ներկայացվել է Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում: Արցախի ՄԻՊ-ը հանդիպումներ է ունենալու նաեւ Վիեննայում եւ Բրյուսելում, եվրակառույցների տարբեր ներկայացուցիչների հետ:

Միայն փաստը, որ Արցախի մարդու իրավունքի Պաշտպանը Եվրոպայում է, եվրակառույցներում ներկայացնում է Ադրբեջանի հանցագործությունների մասին զեկույցը, ունենում է հանդիպումներ տարբեր գործիչների հետ, քննարկում մարդու իրավունքի հետ կապված հարցեր, արդեն իսկ Եվրոպայի վերաբերմունքի դրսեւորում է:

Ընդ որում, ոչ թե հատուկ վերաբերմունքի, այլ այն իրողության, որ Եվրոպան բնական հարթակ է դիվանագիտական-քաղաքական աշխատանքի համար, հարթակ, որտեղ մասնավորապես Արցախի հարցում հայկական կողմն ունի Ադրբեջանի խավիարային դիվանագիտության եւ նավթադոլարների ազդեցության չեզոքացման թերեւս առավելագույն հնարավորություն:

Օրինակ, Արցախի ՄԻՊ գործողությունը Եվրոպայում այդ հնարավորության օգտագործման ձեւերից մեկն է, բավական հաջող եւ խոսուն ձեւերից մեկը:

Դրա ֆոնին, Արցախի նախագահի մամուլի խոսնակի մեկնաբանությունը դրա հակառակ ձեւն է, որն ինչ որ առումով նույնիսկ հակադրվում է այդ ձեւին: Մուննաթը հազիվ թե Եվրոպայի, եվրակառույցների հետ հարաբերության լավագույն եւ արդյունավետ ձեւն է: Ոչ այն պատճառով, որ նրանց պետք չէ բարկացնել: Հազիվ թե եվրակառույցները բարկանան Արցախի նախագահի խոսնակի կամ Արցախի նախագահի վրա: Խնդիրն այն է, որ Արցախն ունի Եվրոպայի հետ գործընկեր ներկայանալու խնդիր, անհրաժեշտություն: Դա է արդյունավետ աշխատանքի գրավականը: Իսկ դրա ձեւը մուննաթը չէ, Եվրոպային զգուշացնելը չէ, թե ինչով կհատուցի Լապշինի գործի հանդեպ անտարբերության համար:

Լապշինի գործից հետո Եվրախորհրդարանում ներկայացվում է Ադրբեջանի հանցագործության մասին զեկույց: Դրանից առաջ Եվրախորհրդարանում կազմակերպվում է քննարկում Ադրբեջանում մարդու իրավունքի խախտումների վերաբերյալ, ընդ որում այն ժամանակ, երբ Եվրախորհրդարան պատրաստվում է այցելել Ալիեւը, որը հենց այդ քննարկման պատճառով չեղյալ համարեց իր հանդիպումը Եվրախորհրդարանի նախագահի հետ: Իսկ Եվրահանձնաժողովի ղեկավարը Ալիեւին պարզապես «ապտակում» է դիվանագիտական ամենաուղիղ հռետորաբանությամբ:

Լապշինին հանձնում են Հայաստանի եւ Արցախի այսպես ասած դաշնակցային-անվտանգության տարածք հռչակված եվրասիական գոտում:

Եվրոպական գոտում տեղի են ունենում խնդրի առավել խորքային, հիմնարար շարժեր, այն դեպքում, երբ եվրասիական գոտում տեղի չի ունենում գործնականում ոչինչ: Դրա վերաբերյալ Արցախում ու Հայաստանում իշխանության լռությունն է: Իսկ Եվրոպայում բացահայտվում է Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հերթական աղմկոտ պատմությունը, եւ Սերբիայի իրավապահներն Ադրբեջանից կաշառվելու գործով քննություն են սկսում ԵԽԽՎ պատգամավոր Միլիցա Մարկովիչի դեմ, որը Սարսանգի ջրամբարի մասին աղմկահարույց զեկույցի հեղինակն էր: Դրանից առաջ իտալացի լրագրողներն էին բացահայտել խավիարային դիվանագիտության աղմկոտ մեկ այլ պատմություն:

Այդ գործընթացները հայկական կողմի համար, Հայաստանի եւ Արցախի համար հող են, որտեղ կա աշխատանքի ահռելի հնարավորություն: Մի բան, որը չկա օրինակ «հարազատ եվրասիական» միջավայրում: Մինչդեռ այդ միջավայրում գտնվելը հայկական կողմի համար արդեն իսկ կորուստ է: Առավել քան անհասկանալի է, երբ այդ «կորստաբեր» ներկայությանն ավելանում են նաեւ այդ միջավայրից Եվրոպային ուղղված մեղմ ասած դիտողությունները եւ դժգոհությունները, կամ դասերը: Այն դեպքում, երբ Եվրոպան ընդամենը մի քանի օր առաջ դաս էր տալիս Ալիեւին:

Ամենաընթերցվածը