Երեք զգուշացում Հովիկ Աբրահամյանին, եւ նա կայացրեց որոշումը

    • Մեկնաբանություն - 16 Փետրվարի 2017, 17:23

ՀՀԿ-ից հեռանալուց հետո տեղեկություններ էին հրապարակվում, որ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանի ընտրությանը կմասնակցի ԲՀԿ կազմում: ԲՀԿ-ն ներկայացրեց իր համամասնական եւ ռեյտինգային ցուցակները, որոնցում Հովիկ Աբրահամյանը չկա: Կա նրա որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, որը նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան է: Սակայն, մի բան է որդին, մեկ այլ բան Հովիկ Աբրահամյանն ինքը:

Աբրահամյանը փաստորեն որոշեց որեւէ կերպ չմասնակցել նախընտրական գործընթացին, ինչը դժվար է համարել անսպասելի որոշում, չնայած հենց այն տեղեկություններին, թե նա կմասնակցի ԲՀԿ կազմում:

Իհարկե, ստվերային մասնակցություն Աբրահամյանը կարող է ունենալ, եւ ըստ ամենայնի նա կփորձի իր ազդեցությունն օգտագործել ԲՀԿ օգտին, եթե իհարկե մնացել է այդ ազդեցությունը: Հովիկ Աբրահամյանը եղել է Հայաստանի իշխող համակարգի ազդեցիկ դեմքերից մեկը, սակայն ի՞նչ է մնում այդ ազդեցությունից, երբ չկա նրա պաշտոնական կարգավիճակը եւ առավել եւս երբ նա ՀՀԿ-ից դուրս է գալիս պարտվելուց հետո:

Հայաստանի իշխող համակարգում պարտված գործիչները պահանջարկ չունեն, քանի որ նրանց կողքին կանգնելը վտանգավոր է, ռիսկային: Առավել եւս, որ նախօրեին Հովիկ Աբրահամյանը ստացավ որոշակի զգուշացում՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանի Արարատի մարզ կատարած այցի տեսքով:

Իսկ Հովիկ Աբրահամյանի ազդեցության «ակունքը» այդ մարզն է:

Ավելին, Հովիկ Աբրահամյանը զգուշացում ստացավ ոչ միայն Սերժ Սարգսյանից, այլ գործնականում նաեւ ԱՄՆ ու Եվրամիության դեսպաններից, որոնք օրեր առաջ դժգոհություն արտահայտեցին նախորդ կառավարության գործունեությունից, մասնավորապես կոռուպցիայի դեմ պայքարի մասով:

Հաշվի առնելով նաեւ այն, որ Աբրահամյանը փաստացի անհաջողության էր մատնվել նաեւ Մոսկվայում, ուր այցելելուց հետո գրեց ՀՀԿ-ն թողնելու դիմումը, չկարողանալով լուծել ՀՀԿ-ում բարձր կարգավիճակը պահելու հարցը, նախընտրական գործընթացին որեւէ մասնակցությունից հրաժարվելը թերեւս դառնում է Հովիկ Աբրահամյանի քաղաքական ամենառացիոնալ որոշումներից մեկը:

Այդ դեպքում իհարկե բաց է մնում հարցը, թե ինչպես է նա ծրագրում մնալ քաղաքականության մեջ, ինչի մասին հայտարարել է ՀՀԿ-ից հեռանալիս:

Փաստորեն, Հովիկ Աբրահամյանի հաշվարկները ներառում են խորհրդարանի ընտրությունից հետո ընկած ժամանակահատվածը: Նա սպասում է, որ կտապալվեն բոլորը եւ ըստ այդմ կներկայացնի ի՞ր հայտը, թե՞ սպասում է, որ կլինեն հետընտրական զարգացումներ, երբ կզգացվի իր «միջնորդության» կարիքը:

Հովիկ Աբրահամյանը մի անգամ արդեն խաղադրույք կատարել է «միջնորդության» վրա, բայց անհաջող: Արդյոք նա երկրորդ անգամ կմտնի նույն գետը: Առավել եւս, որ հետընտրական զարգացումների նախադրյալը գործնականում զրոյական է:

Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը քաղաքականության մեջ մնալու առումով նկատի էր առնում բոլորովին այլ կարգավիճակ: Ի վերջո, քաղաքականության մեջ հնարավոր է մնալ նաեւ իբրեւ հուշ:

Թեեւ, Հայաստանում կա քաղաքականության խնդիր ընդհանրապես: Այսինքն, Հայաստանում պետք է քաղաքականություն լինի, որպեսզի որեւէ մեկն էլ դրա մեջ լինի, կամ չլինի:

Այդ իմաստով, Հայաստանում քաղաքականության մեջ կամ դուրս լինել-չլինելը հարաբերական հասկացություն է:

Ամենաընթերցվածը