Իշխանության կոնկրետ փոփոխություն Հայաստանում

    • Մեկնաբանություն - 17 Փետրվարի 2017, 12:25
Խորհրդարանի ընտրության մասնակից սուբյեկտները, մինչեւ վերջ ձգելով ցուցակային ինտրիգը, այդուհանդերձ հանրությանը ներկայացրին իրենց կազմերը, շարքերը, դասավորությունը, նախընտրական «տրանսֆերային» նորությունների ամբողջ պատկերը:

Անուններն ու դրանց բաշխվածությունն իհարկե հասարակությանը թերեւս ամենից շատ հետաքրքրող հանգամանքն էին, բայց, եթե խոսքն ընտրական գործընթացի մասին է, առանցքային գործոնը պետք է լինի այն, թե ինչ են առաջարկում հանրությանը դրա մասնակիցները, ինչի վրա են կառուցում իրենց նախընտրական ծրագրերը, ինչ գաղափարի կամ խնդրի, ինչ առաջնահերթության:

Դրա ինտրիգն է՞լ կպահպանեն մինչեւ վերջ, այսինքն մինչեւ պաշտոնական քարոզչության մեկնարկ, կամ մինչեւ մարտի 31՝ քարոզարշավի վերջին օրը, եւ միայն այդ օրը կհայտնեն իրենց նախընտրական առաջարկների մեխը՝ որպեսզի մրցակիցները չհասցնեն «գողանալ»:

Խոշոր հաշվով, թվում է, որ Հայաստանում առանձնապես մեծ ինտրիգ էլ չկա հանրությանն արվող առաջարկների հարցում եւ ամեն ինչ շատ պարզ է՝ պետք է չխախտել օրենքը, պետք է չգողանալ պետական փողերը, պետք է բաժանել բիզնեսը իշխանությունից եւ քաղաքականությունից, պետք է լինել ազնիվ, պարկեշտ, բարոյական, պայքարել կոռուպցիայի դեմ, արժանապատիվ լինել արտաքին քաղաքականության հարցում, չթշնամանալ ոչ մեկի հետ, ներդրումային միջավայր բարելավել, եւ այլն, եւ այլն:

Դրանք բաներ են, որ ասվում են գրեթե ամեն օր: Շատ ավելի հաճախ ու բարձր կասվեն նախընտրական շրջանում, իշխանության հասցեին կհնչեն այդ համատեքստում շատ ավելի կոշտ մեղադրանքներ, նաեւ կլինեն ներընդդիմադիր մեղադրանքներ:

Բայց այդ ամենը կարո՞ղ է հավակնել բովանդակություն համարվելուն: Օրինակ, եթե որեւէ մի ուժ հայտարարում է, որ Հայաստանը պետք է հզորանա, որ կարողանա լուծել իր խնդիրները, որ մեզ պետք է զարգացած, գիտելիքահեն, արդյունաբերական շեշտադրումով տնտեսություն, գիտության զարգացում եւ այլն, արդյոք դա բովանդակություն է, թե պարզապես պարզ ճշմարտություն, որը հենց իրականություն դառնալու համար բովանդակություն է պահանջում:

Ո՞վ չգիտե, որ ուժեղ լինելն ավելի լավ է, քան թույլ լինելը, կամ ավելի լավ է կուշտ լինել, քան սոված: Դա ասելու համա՞ր են դառնում քաղաքական գործիչ կամ կառավարիչ: Թե՞ շատ կոնկրետ խնդիրների եւ անելիքների վերաբերյալ շատ կոնկրետ դիրքորոշում արտահայտելու եւ հանրությանը կողմնորոշում առաջարկելու համար:

Այդ իմաստով, օրինակ, նախընտրական կոնկրետություն առայժմ ցուցաբերել է միայն Հայ ազգային կոնգրեսը, հստակ շեշտադրելով իր նախընտրական բովանդակության առանցքը, որը Արցախի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի մոտեցումն է եւ Հայաստանի զարգացումը դրա իրականացման հետ փոխկապակցելը:

Բոլորովին այլ հարց է, թե այդ մոտեցումը որքանով է իրատեսական, արդյունավետ, Հայաստանի համար օգտակար, անվտանգ, կամ վտանգավոր: Դա այլ հարց է, մոտեցման գնահատումը չէ տվյալ պահին խնդիրը, այլ հենց դրա արտահայտումը, կոնկրետությունը, հասկանալիությունը, թե ինչ է ասում քաղաքական սուբյեկտը: Ընդունելի է ասվածը, թե ոչ, արդեն հանրության գնահատման խնդիրն է:

Օրինակ, բովանդակային առումով շատ կոնկրետ եւ առարկայական է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործունեությունը: Ընդունելի՞ են նրա առաջարկած տնտեսական մոտեցումները կամ քայլերը, թե ոչ, դա էլ մյուս հարցն է, բայց նա հանդես է գալիս տնտեսական քաղաքականության քայլերի շատ կոնկրետ դիրքորոշումով:

Կոնկրետ է իհարկե իշխանությունը, բայց ոչ թե իր գործողությունների բովանդակության, այլ իր իշխանական շահի ձեւակերպման եւ դրա հետապնդման հարցում: Դա բովանդակային քաղաքական կոնկրետություն չէ, բայց նույնպես բոլորի համար հասկանալի է, դրանում այլեւս չկա որեւէ նորություն կամ զարմանալի բան: Միարժեք է, որ այդ կոնկրետությունը անընդունելի է մեծամասնության համար, թեեւ այստեղ իհարկե կա խնդիր, թե կոնկրետ ինչու է անընդունելի: Որովհետեւ այդ մեծամասնության զգալի մասի համար իշխանության այդ կոնկրետությունն անընդունելի է լոկ այն պատճառով, որ իրենք դուրս են դրա շահառուների շրջանակից:

Կոնկրետության հայտ ներկայացրեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ իր հայտարարությունից հետո փաստորեն ներկայացնելով այն պլատֆորմը, որի վրա պատրաստվում է կառուցել իր քաղաքական գործունեությունը՝ Արցախի հարց եւ Հայաստանի անվտանգության համակարգի արդիականացում:

Սեյրան Օհանյանի պարագայում թերեւս այլ պլատֆորմ դժվար էր նաեւ պատկերացնելը, հաշվի առնելով նրա կենսագրությունը եւ ոլորտը, որտեղ պաշտոնավարել է: Բայց առայժմ այդ հարցում շատ կոնկրետ է Օհանյանի հենց անցյալ կարգավիճակի գործունեությունը, հատկապես վերջին երկու-երեք տարիներին, բանակի ռազմա-քաղաքական գործունեության տեսանկյունից: Դա ծանրակշիռ հիմք է նոր կարգավիճակում քաղաքական գործունեության համար, եթե Օհանյանը կարողանա կոնկրետացնել իր պլատֆորմը արդեն նոր կարգավիճակին համարժեք հանրամատչելի բովանակությամբ, որը պարունակում է հստակ խնդիրների վերաբերյալ հանրամատչելի առաջարկներ:

Կոնկրետության որոշակի պաշար առկա է Ազատ դեմոկրատների մոտ, որոնք հստակ հանդես են գալիս Հայաստանի եվրասիական ինտեգրման դեմ եւ արտահայտվում եվրաատլանտյան ինտեգրման օգտին: Կրկին դրա ընդունելի կամ անընդունելի լինելը մյուս հարցն է, բայց գնահատականն ու դիրքորոշումը պարզ է եւ հասկանալի:

Լինելու՞ է կոնկրետ բովանդակությամբ կամ նպատակներով այլ նախընտրական սուբյեկտ, որը կփորձի հանրությանը ներկայանալ որեւէ դիրքորոշման համար պատասխանատվությամբ, չմնալով «լավ է ուժեղ լինել, քան սոված», կամ «պետք է ազնիվ լինել, որպեսզի զարգանանք» պարզ կարգախոսների արդեն ճահճում, որովհետեւ դրանց հասարակական-քաղաքական արդյունավետությունն ուղղակի զրո է:

Իհարկե, այդ ամենով հանդերձ, կա հայաստանյան իրականության ամենապարզ գործոնը՝ չկա ընտրություն կամ ընտրական մեխանիզմ, այն չի աշխատում, գտնվում է իշխանության մանիպուլյատիվ եւ ինչ որ իմաստով կամայական ներգործության ազդեցության տակ, եւ ընտրողի քվեն չէ, որ ամենաորոշիչն է: Հետեւաբար, նվազում է բովանդակության նշանակությունը եւ իմաստը, կարեւորը առկա ավանդույթներին եւ խաղի կանոններին հարմարվելն է, իսկ դա պահանջում է հասկանալի լինել իշխանության, ոչ թե հանրության համար:

Այդուհանդերձ, ոչինչ միարժեք չէ, առավել եւս, որ ի վերջո իշխանությունն այն է, ինչը հասկանալի եւ միարժեք է առաջին հերթին հասարակության համար: Հենց այստեղ է նաեւ առանցքային խնդիրը՝ Հայաստանի հասարակության համար ամենահասկանալին է ներկայիս իշխանությունը, եւ այն կփոխվի միայն այն ժամանակ, երբ հասարակության համար կլինի ավելի հասկանալի այլ սուբյեկտ:

Ամենաընթերցվածը