Համատեղ հանցանքի գործոնը սպառվում է. Առաջին հետեւանքները

    • Մեկնաբանություն - 17 Փետրվարի 2017, 17:20
Հրապարակվել է ՀՀԿ համապետական ցուցակը, որը բաղկացած է 197 հոգուց: ՀՀԿ-ն ակնարկում էր «ցուցակները մաքրելու» մասին, սակայն «խոշորներից» բացակայում են մի քանի հոգի՝ Հովիկ Աբրահամյանը, Վարդան Ղուկասյանը, ովքեր ավելի վաղ լքել են ՀՀԿ-ն, Գագիկ Բեգլարյանը, Սուրիկ Խաչատրյանը եւ Մհեր Սեդրակյանը: Գումարած Սերժ Սարգսյանը:

Քիչ «էվոլյուցիա» չէ իհարկե, եւ այսպես գնալու դեպքում 50 տարի անց ՀՀԿ ցուցակները լիովին «մաքրված» կլինեն, թեեւ դեռ խնդիր է, թե մյուսներն ինչ մոտիվացիայով ու որակներով են լցնելու «սուրբ տեղը»:

Հովիկ Աբրահամյանն ու Վարդան Ղուկասյանն աշխատելու են Ծառուկյանի ու ԲՀԿ-ի համար: Ընդհանրապես, այս կուսակցությունը կարծես թե դարձել է պահուստային տարբերակ իշխող համակարգի համար՝ ՀՀԿ-ից «նեղանալու» դեպքի համար: Զուր չէ, որ երբ Ծառուկյանին հեռացրին քաղաքականությունից, Հովիկ Աբրահամյանն ամեն գնով պահեց ԲՀԿ-ն: Բացի այդ, ըստ տեղեկությունների՝ նա է Ծառուկյանին համոզել հրաժարվել նախնական մտքից, ըստ որի՝ պետք է լիներ լայն դաշինք եւ ներգրավվեին սոլիդ մարդիկ, պրոֆեսիոնալ մասնագետներ:

Խոսակցություններ կային նաեւ Մհեր Սեդրակյանի մասով, որ նա էլ կարող է անցնել Ծառուկյանի ճամբար, սակայն նրան «համոզել» են հետ կանգնել դրանից: Թե որքանով են համոզել՝ կերեւա առաջիկայում:

Փոխարենը, Վարդան Ղուկասյանին դժվար կլիներ համոզել: Նա եւ Հովիկ Աբրահամյանը տիրապետում են համատեղ «սարսափելի գաղտնիքի», որի մասին Ղուկասյանը պարբերաբար հիշեցնում էր հրապարակավ՝ այն պահերին, երբ իր վիճակը վատանում էր, կամ իր մերձավորներից որեւէ մեկը հայտնվում էր իրավապահների ձեռքում: Այդ գաղտնիքն առնչվում էր տարիներ առաջ տեղի ունեցած ՀՀԿ հայտնի նիստին, որի ժամանակ պետք է Ղուկասյանը վարչապետի թեկնածու առաջադրեր Հովիկ Աբրահամյանին: Այդ գաղտնիքը դարձել էր Վարդան Ղուկասյանի անվտանգության երաշխիքը:

Թե որքան երկար կգործի այդ երաշխիքը՝ դժվար է ասել, սակայն հնարավոր է՝ դրա վաղեմության ժամկետը սպառվում է, եւ Ղուկասյանը որոշել է մտնել խորհրդարան՝ լրացուցիչ երաշխիքներ ստանալու համար:

Պարբերաբար բացահայտվում են ՀՀԿ-ում տեղ չլինելու պատճառով ավելի նվազ հայտնիների արտահոսքի դեպքեր դեպի ԲՀԿ, որտեղ «նեդաբոր» է:

Ներկայում իշխանության «անցման» շրջան է, երբ փոխվում է ներհամակարգային ստատուս-քվոն, դադարում է գործել ներհամակարգային պայմանագիրը, եւ խնդիրը նոր ստատուս-քվոյի շրջանակներում տեղ ունենալն է: Ընդ որում, սպառվում է նաեւ համակարգը ցեմենտող համատեղ հանցանքի գործոնը:

Սակայն չի բացառվում, որ նոր խորհրդարանն ընդամենը լինելու է այդ անցման շրջանի հանգրվաններից մեկը, իսկ վերջնական ստատուս-քվոն ձեւավորվելու է ավելի ուշ: Այնպես որ, հանրությունն այս փուլում կարող է ականատեսը դառնալ համակարգի «էվոլյուցիայի» նախնական դրսեւորումներին:

Ամենաընթերցվածը