Գործող մոդելով մեր առաջընթացի ռեսուրսները սպառվել են. Սեյրան Օհանյան

  • Ներքին կյանք - 17 Փետրվարի 2017, 13:37
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման առաջին քայլը լավ թիմ հավաքելն էր, իսկ երկրորդ քայլով փորձ է արվում լուրջ ծրագիր ներկայացնել հանրությանը: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Պաշտպանության նախկին նախարար, դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ իրենց ծրագիրը մշակվում է, շուտով ներկայացվելու է հանրությանը:

«Դրանում լինելու են և ահազանգեր, և առաջարկներ, և լուծումներ: Մենք խորությամբ  գնահատում ենք անվտանգության այն միջավայրը, որը գոյություն  ունի ՀՀ և Արցախի շուրջը և դրա վերաբերյալ համապատասխան պլանավորում ենք իրականացնում՝ մեր երկրի անվտանգությունը բարձր մակարդակի պահելու համար: Հարցերի հարցը, օրակարգի թիվ մեկ խնդին այսօր անվտանգությունն է: Մեր պետությունը գտնվում է  շատ բարդ ու կոնֆլիկտներով լի մի տարածաշրջանում, և մենք դրա մասին մեկ վայրկյան անգամ մոռանալու իրավունք չունենք: Եթե անվտանգությունը լիարժեք չէ, ապա մյուս հարցերը որքան էլ կարևոր լինեն, պետք է դիտարկվեն հենց անվտանգության համատեքստում», ասաց Օհանյանը:

Նա նշեց, որ միան բանակը չէ, որը պետության անվտանգության հիմքն է, թեև դա ամենակայացած անվտանգության համակարգն է երկրում: Վերջին տարիներին, ըստ նրա, մեր զինված ուժերի գործունեությունը բարձրացել է ռազմավարական մակարդակի, բայց անվտանգությունը հենց բանակի թիկունքն է՝ երկրի տնտեսության վիճակը, մեր քաղաքացիների բարեկեցությունը, արտագաղթի տեմպերն ու հասարակության տրամադրություններ:

«Այս գործող մոդելով մեր առաջընթացի ռեսուրսներն այլևս սպառվել են, մեզ պետք են նոր տնտեսական քաղաքականություն, նոր արտաքին քաղաքականություն, նոր մտածելակերպ, ընդհանուր առմամբ նոր քաղաքական ու պետական վերնախավ: Միայն այդպես կարող ենք մենք բարձրացնել մեր անվտանգությունը», ասաց Օհանյանը:

Նա նշեց, որ իրենց դաշինքի առաջին դեմքերի նկատմամբ արշավ է սկսվել, որում ներգրավված են տարբեր անհատներ ու լրատվամիջոցներ:

«Միամտություն է կարծել, որ այս ամենը մենք չէինք հաշվարկել և համապատասխան միջոցառումներ չէինք ձեռնարկել: Մենք անելու ենք մեր գործը, իսկ հակահարվածներն անկասկած մեր մոտից լինելու են, պլանավորվելու են», ընդգծեց նա:


Ամենաընթերցվածը