Դավիթ Հարությունյանը հստակեցրել է` ինչու իր անունը չկա ՀՀԿ համամասնական ցուցակում

  • Ներքին կյանք - 17 Փետրվարի 2017, 15:11
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու չի ընդգրկվել Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: Փետրվարի 17-ին լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ ցուցակում չկա, որովհետև չի պլանավորում իր աշխատանքն Ազգային ժողովում: «Կուսակցությունն է քննարկում, թե ում է ցանկանում տեսնել Ազգային ժողովում: Քննարկումների ընթացքում հանգել ենք հետևյալ եզրակացության՝  երեք գործող նախարար պետք է լինի ցուցակում, բայց դա ամենևին չի նշանակում, որ ընտրություններից հետո նրանք ներկայացված են լինելու Ազգային ժողովում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պարզաբանեց Հարությունյանը:

Անդրադառնալով ընտրություններից հետո գործադիրում հայտնվելու հավանականությանը` Դավիթ Հարությունյանը նկատեց, որ դա կախված կլինի նրանից, թե որ քաղաքական ուժը կհաղթի: «Եթե հաղթի Հանրապետականը, կուսակցությունը կքննարկի և համապատասխան որոշում կընդունի»,- ընդգծեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

Դիտարկմանը, թե իր անունը շրջանառվում է նաև Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուների ցանկում, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Դա, կարծում եմ, պրակտիկորեն անհնար է: Ավելին` ես նման ցանկություն չունեմ»:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԿԸՀ ներկայացրել է համամասնական ցուցակը՝ 197 թեկնածուով: Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

Ամենաընթերցվածը