Ես գիտեի, կանխազգում էի, չեմ նեղացել

    • Հարցազրույց - 17 Փետրվարի 2017, 11:45
Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, ում անունը չկա ՀՀԿ համամասնական ցուցակում

Պարոն Հարությունյան, անակնկա՞լ էր արդյոք Ձեզ համար որոշումը՝ չընդգրկել ՀՀԿ համամասնական ցուցակում։ Եվ արդյոք վիրավորվե՞լ եք։

Չեմ վիրավորվել։ Ես գիտեի, ավելի ճիշտ՝ կանխազգում էի։ Երկար ժամանակ է՝ պատգամավոր էի, տարիքս լրացել էր և հոգեբանորեն պատրաստ էի դրան։

Ի դեպ, Գալուստ Սահակյանը երկրորդ տասնյակի լավագույն հորիզոնականում է։

Ես միայն իմ մասով կարող եմ պատասխանել։ Շատ ուրախ եմ, Գալուստ Գրիգորիչն իմ ընկերն է և անցողիկ տեղում է։ Միայն կարող եմ ուրախանալ նրա համար։

Ըստ Ձեզ՝ արդյոք սա լավագո՞ւյն ցուցակն էր, որ ՀՀԿ-ն կարող էր ներկայացնել։

Գիտեք՝ լավից լավ կա, վատից վատ կա։ Ես չեմ կարող ասել, որովհետև, ճիշտ ասած, ինձ չեն հետաքրքրում այդ պրոբլեմները։ Ես արդեն չեմ հետաքրքրվում լավ է, վատ է։ Հիմա կարծում եք՝ ուրիշների ցուցակներն ավելի լա՞վն են։ Ինչ էլ լիներ, դուք պիտի ասեիք լավ չի։

Ռեյտինգային ցուցակում, օրինակ, հիմնականում մականունավորներ են, օլիգարխները, թեև իշխանությունը ասում էր, որ այլ որակ է ներկայացնելու։

Գիտեք՝ այդ հարցը ուղղեք ՀՀԿ-ի ղեկավարությանը։ Ինձ հետաքրքիր չէ այդ թեման։

Իսկ մասնակցելո՞ւ եք ընտրապայքարին։

Իհարկե, ես օգնելու եմ կուսակցությանը։ Շատերն իմ ընկերներն են, որոնք ռեյտինգայինում կան։ Իհարկե, և օգնելու եմ իմ հնարավորությունների չափ, և օժանադակելու եմ, որպեսզի կուսակցությունը հնարավորինս շատ ձայն հավաքի։

Այսինքն՝ չե՞ք լքի ՀՀԿ-ն, ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նրա մերձավորները արեցին։

Ես չեմ հասկանում՝ ինչու պետք է ՀՀԿ-ն լքեմ, ՀՀԿ-ն պետք է լքեն այն մարդիկ, ովքեր ՀՀԿ-ի հետ որևէ կապ չունեն։ Ինչպե՞ս կարող եմ ես ՀՀԿ-ն լքել, երբ այդ կուսակցության գաղափարախոսության կրողներից եմ և իմ կյանքը, իմ կենսագրությունն է այդ մասին խոսում։ Եվ եթե ես չասեմ էլ, դա այդպես է։ Իսկ նրանք, ովքեր ուզում են հեռանալ, դա իրենց պրոբլեմն է, քանի որ մարդիկ անհատական մոտեցում ունեն երևույթներին, դեպքերին, դրա համար հեռանում են, գալիս են։ Մարդ կա չորս անգամ գալիս գնում է։

Ես շատ լավ ծանոթ եմ պատգամավորական աշխատանքին, և այդ աշխատանքն այն աշխատանքը չէ, որ ստիպի ինձ իմ կուսակցության հետ տարաձայնություններ ունենալ։ Դա աշխատանք է, և այդտեղ չեմ աշխատի, ուրիշ տեղ կաշխատեմ։ Այնպես որ, ինձ մոտ նեղացվածություն գոյություն չունի։ Հետո գիտեք ինչ կա, ես ինձ բավական բարձր եմ գնահատում, որպեսզի նեղանամ։ Դա էլ ասեմ։

Ինչո՞ւ, ըստ Ձեզ, Սերժ Սարգսյանը չգլխավորեց ՀՀԿ ցուցակը։

Այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Գուցե դա նոր քաղաքական մշակույթի ձևավորման ընթացք է, որ պարտադիր չէ, որ կուսակցության նախագահը գլխավորի, բայց նրանց փոխարեն ստույգ պատասխանել չեմ կարող։

ՀՀԿ-ի հնարավորությունները ինչպե՞ս եք գնահատում։

Ես ձայների ավելացման միտում եմ տեսնում, հատկապես ռեյտինգային ընտրություններում մեր թեկնածուները բավական հզոր են։

Հզորությունը չափում եք թաղային հեղինակությունների ներգրավմամբ, օլիգարխներո՞վ։

Հիմա քաղաքում թե գյուղում առաջադրվածները հեղնակավոր մարդիկ են, հեղինակություն են, նստել վեր են կացել մարդկանց հետ։ Եվ եթե հասարակությունը նրանց քվել է տալիս, մենք իրավունք չունենք տարբեր ասեկոսեներով շարժվելու։

ՀՀԿ ավագների խորհրդում կընդգրկվե՞ք։

Այն դեռ չի ձևավորվել։ Ես դասախոսական փորձ ունեմ և կարող եմ կուսակցության դպրոցում դասավանդել, քանի որ դասախոսական փորձ ունեմ։ Եթե հրավիրեն, կարող եմ և դասավանդել։

Ամենաընթերցվածը