Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ ներկայացված բողոքը

  • Իրավունք - 16 Փետրվարի 2017, 10:40
Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի ներկայացրած դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

«Իմ բողոքն ուսումնասիրող Սահմանադրական դատարանը տվել է հետևյալ պատասխանը. «Սահմանադրական դատարանը չի ընդունել բողոքն ուսումնասիրման համար: Ներկայացված բողոքում հայցվոր կողմը բավարար հիմքեր չի ներկայացրել հիմնարար իրավունքների կամ դրան հավասարազոր իրավունքների խախտման վերաբերյալ»: Դատարանի որոշումն արդեն մեզ մոտ է»,- հայտարարել է Աքբաշը:

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Ելույթ ունեցողները միաձայն ընդգծում էին անցյալի հետ առերեսման անհրաժեշտությունը, նաև` Հայաստանի և Թուրքիայի հաշտեցման գործընթացին նպաստելու մղումները: Բունդեսթագում բարձրաձայնվել է Օսմանյան Թուրքիայի ոճրագործության մասին` նշելով, որ Գերմանիայի քայլը ոչ թե հայց է և մեղադրանք, այլ խոնարհում զոհերի հիշատակի առջև:

Ամենաընթերցվածը