Սեյրան Օհանյանը մարտի 1-ի մասին. «զինված ուժերի ներգրավվածությունը հենց կոնկրետ Մարտի մեկին բացակայում է»

  • Իրավունք - 17 Փետրվարի 2017, 14:03
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ նա երկար տարիներ իշխանության մաս է կազմել, տիրապետում է շատ գաղտնքիների, հնարավո՞ր է առաջիկայում էքսկլյուզիվ տեղեկատվություն ներկայացնի հանրությանը, ինչը կբացահայտի, թե մինչ օրս ինչ կառավարում է եղել Հայաստանում:

«Երկար տարիներ ես իրոք աշխատել եմ պետական կառավարման համակարգում, և հենց այդ փորձի ձեռքբերումն է, որ ինձ ստիպում է, որ ես այդ փորձը փորձեմ օգտագործել այլ խնդիրներ լուծելու համար՝ մեր պետական կառավարման համակարգում փոփոխություններ իրականացնելու նպատակով: Ես երկար տարիներ աշխատելով համակարգում՝ շատ մոտ եմ եղել և ժողովրդին, և նաև կառավարման համակարգին ներսից նայելով՝ տեսել եմ համակարգի այն բացթողումները, որոնք այսօր կան: Այսինքն՝ կառավարման մշակույթի բացակայությունը, որն ընդհանուր առմամբ արտահայտվել է ռազմավարական որոշումների ընդունման ընթացակարգերի, մարտավարական որոշումների սկզբունքների և մեթոդների վրա, իշխանության և ժողովրդի կապի բացակայության վրա, որի արդյունքում ոչ միայն թերություններ ենք ունեցել կառավարման համակարգում, այլ նաև համապատասխան գաղափարական հենք չենք ստեղծել մեր պետության ներսում, որպեսզի կարողնանք բոլոր խնդիրները ժողովրդի հետ իրականացնել»,- ասաց նա:

Լրագրողները կրկնեցին հարցը, Օհանյանն ասաց, որ իր ձեռք բերած փորձն անպայման ներդնելու է նոր կառավաման համակարգի ձևավորման համար համապատասխան աշխատանք տանելու համար:

«Իմ աշխատանքի արդյունքում բոլոր այն խնդիրները, որոնք վերաբերել են անօրինականությանը, օրինական հենքի վրա են դրվելու: Մենք գործելու ենք միայն ու միայն գործող օրենքներին հմապատասխան և դրա կատարման շրջանակներում», նշեց նա:

Մարտի մեկի դեպքերի ժամանակ բանակի ներգրավվածության մասին հարցին Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ եթե նայենք քրեական գործի ողջ ընթացքն ու փաստահավաք խմբի գործունեությունը, կտեսնենք, որ զինված ուժերի ներգրավվածությունը հենց կոնկրետ Մարտի մեկին բացակայում է:

«Բոլոր այն տեսանյութերը, որոնց ընթացքում ներկայացրել եմ գործող կարգի շրջանակներում գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագիրը, դրա շրջանակներում ես խնդրել եմ մեր ժողովրդին, որպեսզի լինի հանդուրժողականություն: Եվ զինված ուժերն անցել են մեր մայրաքաղաքի կարևոր օբյեկտների պահպանությանը: Մնացած բոլոր խնդիրներն այսօրվա իշխանության խնդիրներն են: Եթե մենք գանք իշխանության, ամբողջովին ավարտին կհասցնենք այդ գործը», հավելեց նա:

Ըստ Օհանյանի՝ տարեցտարի բանակում կատարվող աշխատանքի արդյուքնում իրենք կարողացել են մի այնպիսի աստիճանի հասնել, որ զինված ուժերը քաղաքական գործընթացներին ապահովեն չեզոքություն: Քաղաքական գործընթացներում, ընտրությունների ժամանակ բանակի մասով, ըստ նրա,  որևէ ուղղորդում չի եղել:

Լրագրողները նաև հարց ուղղեցին՝ ըստ Օհանյանի՝ ովքե՞ր են այսօր Հայաստանի քաղբանտարկյալները: Նա խուսափեց անուններ հրապարակել: «Անկասկած հասկանալի է, որ խորը հակասություն կա այսօր իշխանութունների և ժողովրդի միջև: Եվ անվստահությունը, որը կա ժողովրդի կողմից հարուցված քրեական գործերի նկատմամբ, մտածելու տեղիք է տալիս: Մենք ժողովրդին չհավատալու պատճառ չունենք, ամեն ինչ կանենք, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինեն», արձագանքեց նա:


Ամենաընթերցվածը