Վովա Գասպարյանի երկրորդ ու վերջին փորձը

  • Հասարակություն - 15 Փետրվարի 2017, 19:47
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր մեկնել է Արարատի մարզ եւ խորհրդակցություն անցկացրել, որին ներկա են եղել մարզի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները եւ մարզպետ Արամայիս Գրիգորյանը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաեւ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ ընտրողների ցուցակները «վերջնական տեսքի բերելու խնդիրը», ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Մամուլը տեւական ժամանակ գրում է այս մարզում սպասվող թեժ ընտրապայքարի մասին: Մարզը մնացել է Հովիկ Աբրահամյանի վերջին «ֆորպոստը», նրա որդին առաջադրվելու է իր աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի կուսակցության ցուցակով:

Աբրահամյանն ու Ծառուկյանը համատեղ տիրապետում են այս մարզի գրեթե ողջ ռեսուրսին՝ վարչական ու տնտեսական: Նոր մարզպետ ՀՀԿ-ական Արամայիս Գրիգորյանը նշանակվելուց ի վեր կադրային «ջարդ» է սկսել, սակայն դժվար թե մինչեւ ընտրություն հասցնի «արմատախիլ անել» այս ռեսուրսը:

ՀՀԿ-ն Արարատի մարզ է գործուղել նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ով ներկայում մարզի ՀՀԿ պատասխանատուն է:

Մամուլն, այսպիսով, կանխատեսում է դաժան պայքար մի կողմից Ծառուկյանի ու Աբրահամյանի, մյուս կողմից՝ ՀՀԿ-ի միջեւ:

Հնարավոր է՝ այս կանխատեսումները հեռու են իրականությունից, հաշվի առնելով ներքաղաքական ներկայիս իրողությունները: Թեեւ, մյուս կողմից, Արարատի մարզում ընտրության ելքը կարող է դառնալ «պատվախնդրության» առարկա եւ այդքանով իսկ՝ լարվածության պատճառ:

Այս համատեքստում, Վովա Գասպարյանի այցն Արարատի մարզ լրացուցիչ ինտրիգ է պարունակում, հաշվի առնելով նրա ոչ այնքան հարթ հարաբերությունները թե Հովիկ Աբրահամյանի, թե Գագիկ Ծառուկյանի հետ:

Մի քանի տարի առաջ Գասպարյանը հանդես եկավ ֆեոդալական կալվածքների վերածված մարզերը Հայաստանին միացնելու նախաձեռնությամբ, թեեւ մեծ հաջողություն այդ ուղղությամբ չգրանցվեց:

Սակայն ներկայում երկրորդ փորձով Վովա Գասպարյանը կարող է հաջողեցնել կենտրոնացված հետֆեոդալական պետություն ստեղծելու գործը, առավել եւս, որ ներկայում այդպիսին է թե ներքին քաղաքական զարգացումների, թե արտաքին ազդեցության վեկտորը: Արարատի մարզն այդ տեսակետից կարող է դառնալ առաջինն ու նշանայինը:

Ամենաընթերցվածը