Հենրիկ Մխիթարյանի օգնությունը Հայաստանին. Հայաստանի ախտահարված օրինակը

Օրերս լրատվամիջոցների ներկայացուցիչներին է հանդիպել Զբոսաշրջության նորաստեղծ կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, որը խոսել է ոլորտի զարգացման հեռանկարների, նպատակների, անելիքների մասին:

Նա խուսափել է խոսել մինչ այժմ եղած վիճակի, թերի աշխատանքի պատասխանատուների մասին: Երեւի թե այդպես ավելի ռացիոնալ է, հատկապես Հայաստանի պարագայում, քանի որ այդ դեպքում հանրությունն ավելի շատ կենտրոնանալու է միջանձնային կամ միջխմբային ինտրիգների ու խարդավանքների, քան բուն խնդիրների վրա:

Ի վերջո, ակնհայտ է, որ թեեւ Հայաստանը զբոսաշրջությունն արդեն մոտ մեկուկես տասնամյակ իշխանության ամենաբարձր մակարդակով հայտարարել է տնտեսության գերակա ճյուղ, այդուհանդերձ այդ ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականություն եւ ռազմավարություն, որպես այդպիսին, գոյություն չի ունեցել եւ չունի: Խոսքն իհարկե ընդունված կամ գրված թղթերի ու թղթապանակների մասին չէ, այլ իրապես կատարվող աշխատանքի, պետական ներդրումների, առաջնահերթությունների, հատկապես զբոսաշրջային ենթակառուցվածքների ձեւավորման ուղղությամբ քայլերի մասին:

Անշուշտ կա նաեւ Հայաստանի միջազգային ճանաչելիության խնդիրը, որը եւս հիշատակել է զբոսաշրջության պետական նորաստեղծ կոմիտեի ղեկավարը:

Թվում է, որ այդ խնդիրը Հայաստանի պարագայում պետք է լիներ առավել դյուրամարս, հեշտ լուծելի, նկատի ունենալով սփյուռքի գործոնը: Բայց, այստեղ էլ թերեւս գործ ունենք խաբկանքի հետ: 7 միլիոնանոց սփյուռքի առկայությունը գերազանցապես մեզ, ոչ թե աշխարհին հայտնի իրողություն է: Սփյուռքով ինքներս մեզ ենք ճանաչում, ոչ թե մեզ ճանաչում է աշխարհը, որքան էլ դժվար է դա խոստովանելը:

Ընդհանրապես, կա աշխարհում Հայաստանի ճանաչելիության թերեւս երկու հիմնական եւ արդյունավետ ճանապարհ. Հայաստանի գովազդ հեղինակավոր հեռուստաալիքներով, տեղեկատվական հեղինակավոր այլ հարթակներով: Այդ գովազդի մաս կարող են կազմել նաեւ տարբեր մրցանակաբաշխությունները, տարբեր ոլորտներում միջազգային նշանակության նախաձեռնությունները, նաեւ մասնավոր ներդրումային ծրագրերը, որոնք ունեն էական առանձնահատկություններ համաշխարհային մասշտաբով:

Մուս տարբերակը ճանաչված հայերի գործունեությունն է, որին հետեւում են միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր երկրներից, եւ եթե նրանց գործունեության ուղեծրում շեշտադրվի Հայաստանը, ապա դա կարող է նպաստել ճանաչելիության բարձրացմանը:

Այդ իմաստով, օրինակ, կարեւոր ռեսուրս է Քիմ Քարդաշյանը, որն, ի դեպ, փորձ արվեց օգտագործել 2015 թվականին, երբ նշվում էր ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թե ինչքանով արդյունավետ օգտագործվեց այդ ռեսուրսը, ինչ արդյունք բերեց Հայաստանի ճանաչելիության բարձրացման առումով, կամ ինչ արդյունք է բերում, թերեւս հանգամանալից ուսումնասիրության առարկա է:

Ի վերջո, շատ կարեւոր է, թե տվյալ հայտնի հայն իր գործունեությամբ պարբերաբար հիշատակելով Հայաստանը, ինչ շեշտադրումներով է անում դա, ինչ լսարանի համար, արդյոք Հայաստանի ամեն հիշատակում ինքնին նշանակում է ճանաչելիություն, եւ ընդհանրապես ինչն է երկրի ճանաչելիությունը՝ ընդամենը նրա մասին լսած լինելը կամ պարբերաբար լսե՞լը, թե՞ լսողի մոտ այդ երկիրը ճանաչելու, այդ երկրի մասին ավելին իմանալու, եւ վերջապես՝ այն տեսնելու ցանկություն առաջացնելը:

Այդ առումով հենց շատ կարեւոր է, թե տվյալ աշխարհահռչակ հայն իր գործունեությամբ հիշատակելի դարձնելով Հայաստանը, որքանով է այն դարձնում ճանաչելի, այսինքն լսարանի մոտ առաջացնում Հայաստանը ճանաչելու ցանկություն:

Դա էլ նշանակում է, որ ոչինչ չի լինում ինքնաբերաբար, եւ պետությունը, որ զբոսաշրջությունը հռչակել է տնտեսության գերակա ճյուղ, պետք է իր ռազմավարության մեջ ունենա նաեւ հենց աշխարհում հայտնի հայերի ներուժն օգտագործելու հեռանկարային եւ ընդգրկուն պատկերացում, այսինքն պետք է մշակի նաեւ այն բովանդակությունը, որով այդ մարդկանց գործունեության ծիրում պետք է ներկայանա Հայաստանը:

Այդ տեսանկյունից, Հայաստանը ներկայում ունի նոր եւ շատ կարեւոր մի ռեսուրս՝ Հենրիկ Մխիթարյանը, ով հաջողությամբ հանդես է գալիս անգլիական ֆուտբոլի լեգենդ հանդիսացող ակումբում՝ Մանչեսթեր Յունայթեդում:

Հենրիկ Մխիթարյանն այդ առումով կարող է ահռելի օգնություն ցուցաբերել Հայաստանի միջազգային ճանաչելիություն ապահովելու հարցում, ինչը սակայն չպետք է մատնվի ինքնահոսի, այլ դրա տակ պետք է դրվի համարժեք բովանդակություն:

Իհարկե, կա նաեւ երրորդ տարբերակը՝ Հայաստանի ճանաչելիությունը որպես պետություն: Այսինքն, երբ աշխարհում աչքի է ընկնում պետությունն ինքը՝ իր դերակատարությամբ:

Այդ իմաստով, օրինակ, Վրաստանի ճանաչելիությունը կտրուկ աճել է վարդերի հեղափոխությունից եւ դրանից հետո այդ երկրում սկսված բարեփոխումների ծավալուն ընթացքից հետո, նաեւ իհարկե այդ համատեքստում Սահակաշվիլիի անձնական գործոնի շնորհիվ: Բանն այն է, որ Սահակաշվիլին դարձավ վառ անհատ, որը հանդես էր գալիս առաջատար քաղաքակրթական արժեքների դրոշակակրի դերում, ինչը նպաստեց այսպես ասած երկուսը մեկում կամ նույնիսկ երեքը մեկում տարբերակին՝ Վրաստանի գովազդ, հանրահռչակ դարձած անհատի դերակատարում, եւ անհատ, որը առնչվում էր պետական քաղաքականությանն ու պետության միջազգային դերակատարմանը:

Պետության ճանաչելիության հարցում չափազանց կարեւոր է հենց պետության միջազգային դերակատարումը, առաջատար քաղաքակրթության ուղեծրում, փոխադարձ հաղորդակցության լիարժեք ռեժիմում գտնվելը:

Հայաստանի համար դա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ ընդհանրապես պետական անվտանգության խնդիր է, հաշվի առնելով նաեւ այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հայաստանը մասնավորապես Արցախի խնդրով:

Ինչը, ի դեպ, դիտարկվում է որպես տնտեսական հեռանկարներին, այդ թվում զբոսաշրջությանը խանգարող հանգամանք: Տեսականում՝ իրավամբ, գործնականում՝ թյուրիմացաբար, ինչը հաստատվել է պատմական օրինակով: Բանն այն է, որ երկու տասնամյակ առաջ հենց Արցախն էր Հայաստանի միջազգային ճանաչելիության «լոկոմոտիվը», քանի որ դրանով էր Հայաստանը հայտնվել քաղաքակրթական զարգացման ուղեծրում, ինչն էլ գործնականում դարձել էր հաջողության ահռելի ռեսուրս:

Այսինքն, Հայաստանը գործնականում ունի պետության ճանաչելիության իր անգնահատելի օրինակը, որը աշխարհին մատուցել է շատ ավելի շուտ, քան աշխարհը կունենար Վրաստանի օրինակը:

Բայց Վրաստանը ներկայում քաղում է իր օրինակի պտուղները, այն դեպքում, երբ Հայաստանը ներկայում կանգնած է իր առավել հնչեղ օրինակի ախտահարումը հաղթահարելու հրամայականի առաջ: